Ռուսաստանյան նորագույն Սու-35 կործանիչները զույգերով շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն սիրիական Լաթաքիայի Հմեյմիմ ավիաբազայում` թռիչքին րոպեական պատրաստությամբ: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Սիրիայում ՌԴ Օդա-տիեզերական ուժերի խմբավորման ներկայացուցիչը: «Ինքնաթիռները զույգերով շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Հմեյմիմ ավիաբազայում` թռիչքին րոպեական պատրաստությամբ: Հարվածային ավիացիայի գործակցության սկզբունքը հետեւյալն է. Սու-35-երը օդում գտնվող ինքնաթիռների թիկունքը կպահեն` մեծացնելով նրանց տեսադաշտը: Երբ Սու-35-երի զույգը կանգնում է «հակընթաց» դիրքով, տեսադաշտը հասնում է մինչեւ 360 աստիճան` 400 կմ շառավղով», - ասել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավիախմբի ներկայացուցիչը նշել է, որ Սու-35-ն ունիվերսալ կործանիչ է, որը հարվածային ինքնաթիռների թիկունքը կպահի եւ ինքնուրույն հարվածներ կհասցնի երկրային եւ ստորերկրյա նշանակետերին: Նրա խոսքով, Սու-35-ն ի վիճակի է հայտնաբերել, ուղեկցել եւ գրոհել միանգամից ութ նշանակետի, իսկ ակտիվ խանգարումների կայանի շնորհիվ ինքնաթիռն «անտեսանելի» է դառնում:
«Այսօրվա դրությամբ մեր առաջ խնդիր է դրված` առավելագույնս գործարկել այդ համալիրը: Դա նշանակում է, որ մեր ունեցած ամբողջ սպառազինությունը կկիրառվի դրա վրա: Ինքնաթիռը հարմարվում է ցանկացած ավիառումբի: Ռազմական ծանրաբեռնվածության զանգվածը մինչեւ ութ տոննա է», - հավելել է ավիախմբի ներկայացուցիչը:











