Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Էկվադոր այցի ժամանակ նրա թիկնապահները հերթական սկանդալի մեջ են հայտնվել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Էկվադոր կատարած Էրդողանի այցի ժամանակ նրա դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ինչը կատաղեցրել է Էրդողանի թիկնապահներին։

Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ թիկնապահները հարձակվել են ցուցարարների վրա, որի ընթացքում ծեծել են Էկվադորի պատգամավորներից Դիեոգո Վինտիմիլիային։

Վերջինս հայտնել է, որ Էրդողանի թիկնապահների ծեծի հետեւանքով կոտրվել է իր քիթը։

Նա պատմել է, որ Էրդողանի թիկնապահները հարձակվել են բողոքի ակցիա անող կանանց վրա, իսկ ինքը փորձել է պաշտպանել կանանց եւ ենթարկվել ծեծի։

Էկվադորի խորհրդարանի նախագահը քննադատել է կանանց ու պատգամավորի նկատմամբ Էրդողանի թիկնապահների բռնությունները։