Ոստիկանության Սիսիանի բաժին փետրվարի 8-ին ահազանգ է ստացվել,  որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի քաղաքացի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Տուժողը պատմել է, որ վնասվածքը ստացել է սանդուղքից ընկնելու հետեւանքով, այնինչ բժիշկները այլ եզրակացության են եկել՝ վնասվածքը հասցվել էր սուր կտրող-ծակող գործիքով:

Վնասվածքի իրական պատճառը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի Նժդեհ փողոցում՝ Որոտան գետով անցնող կամրջի վրա ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակով հարվածել է 17-ամյա Ռոման Զիլֆուղարյանը:

Փետրվարի 9-ին ոստիկանները նրան հայտնաբերել են եւ բերման ենթարկել: 

Բացատրական աշխատանքներից հետո Զիլֆուղարյանը խոստովանական բացատրություն է տվել, իսկ դանակը ներկայացնելու պահանջին պատասխանել է,  որ գցել է գետը:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: