Լոնդոնյան The Linе խաղային ստուդիան ստեղծել է Red Carpet Rampage տեսախաղը, որը հավերժացնում է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի` «Օսկար» մրցանակի արժանանալու ապարդյուն ջանքերը, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով  Tjournal-ը:

Խաղը ստեղծված է անվերջ բրաուզերական կամարաշարքի տեսքով. Դի Կապրիոյին կառավարող խաղացողը պիտի վազի կարմիր գորգով` արգելքներ հաղթահարելով եւ բոնուսներ հավաքելով: Ի թիվս այլ բաների՝ հերոսը խույս է տալիս պապարացիներից եւ այլ կինոպարգեւներ է հավաքում:   

Red Carpet Rampage-ում կատակներ են հանդիպում Դի Կապրիոյի դերերի եւ  2016-ի «Օսկար»-ի նրա մրցակիցների մասին. այսպես՝ խաղի ընթացքում հնարավոր է հանդիպել Մայքլ Ֆասսենբենդերին Սթիվ Ջոբսի դերում  («Սթիվ Ջոբս» ֆիլմը) եւ Մեթթ Դեյմոնին աստղանավորդի հագուստով («Մարսեցին»):

Առկա են նաեւ կատակներ Ամերիկյան կինոակադեմիայի քաղաքականապես ոչ կոռեկտ լինելու մասին, որովհետեւ վերջինս արդեն երկրորդ տարին անընդմեջ աֆրոամերիկացի դերասանների եւ ռեժիսորների չի ընդգրկում հավակնորդների ցուցակում: 

Լեոնարդո Դի Կապրիոյին հինգ անգամ  «Օսկար» մրցանակի են առաջադրել որպես դերասանի եւ եւս մեկ անգամ` որպես պրոդյուսերի:  2016-ին նրան դարձյալ առաջադրել են Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմում իր դերի համար: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում` փետրվարի  28-ին: