Գյումրեցի 22-ամյա երիտասարդ Արթուր Տոնապատյանի հարազատներին չի հաջողվել գնել Վիճաբանության ժամանակ Արթուրի կտրված ականջախեցին: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Դավիթ Սմոյան՝ նշելով, որ հիվանդի աջ ականջախեցին պետք է վերականգնվի պլաստիկ վիրահատության միջոցով:
«Փետրվարի 16-ին, ժամը 12:00-ի սահմանում Արթուրը դիմել է բժշկական կենտրոն, նրա մոտ ախտորոշվել է աջ ականջախեցու լրիվ տրավմատիկ անդամահատում եւ պարանոցի կտարծ վերք: Հիվանդը այժմ ստացիոնար բուժման մեջ է, վիճակը կայուն է: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական վերամշակում, այնուհետեւ պետք է վերականգնողական վիրահատություններ կատարվեն ականջախեցին վերականգնելու համար, քանի որ հարազատները չեն կարողացել հայտնաբերել ականջախեցին; Եթե հայտնաբերեին՝ շանս կլիներ վերականգնել ականջախեցին»,-ասաց բժիշկը:
Ավելի վաղ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշել էր, երիտասարդների միջեւ վիճաբանության պատճառը եղել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում 22-ամյա Արթուր Տոնապետյանի շփումը ինչ-որ կնոջ հետ:
Նշենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում փետրվարի 16-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կտրել են 22-ամյա երիտասարդի ականջը:
Նա այժմ գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնում: Ըստ ԲԿ-ի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանի՝ երիտասարդի մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում:











