«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ փետրվարի 18-ին դրամահավաք-երեկո է կազմակերպել, որի նպատակը կուսակցության զարգացման եւ քաղաքական գործունեության համար ֆինանսական միջոցների ներգրավումն է:

Դրամահավաքին կուսակցության անդամներ, ակտիվ քաղաքացիներ, հայտնի մարդիկ են մասնակցել։ ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով, դրամահավաքի արդյունքում հավաքվել է 4 միլիոն 800 հազար դրամ, ստացվել է նաեւ 500 հազար դրամի խոստում։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը  Քաղաքացիական  պայմանագիր կուսակցության դրամահավաքությանը եւս մասնակցել է, սակայն գումարի չափը չի նշում: NEWS.am-ի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանն ասել է. «Կան գումարային սահմաններ, այո կմասնակցեմ: Կարծում եմ` ճիշտ  է հանգանակությունը եւ ավելի ճիշտ է հենց  Հայստանի պայմաններում, երբ մենք չունենք ավանդույթ, որ բիզնես էլիտան աջակցում է  տարբեր կուսակցություններին, միայն իշխող կուսակցությանն է աջակցում, բայց  պետք է զարգանա բազմակուսակցությունը: Սա  է պատճառը, որ այսպես դրամահավաքները շատ ճիշտ մեխանիզմ են:  Բոլորս պետք է հասկանանք, որ մեր շահերից է  բխում, որ անկախ կուսակցությունները զարգանան, ովքեր ունեն այլընտրանքային տեսակետ»:

Ստեփան Գրիգորյանը ասաց, որ  իր այցի պատճառներից մեկն էլ  պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյակը ակտիվ քաղաքական գործիչ է եւ դեմ է  քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը: