Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր մասն է։ Այս մասին փետրվարի 23-ին՝ Ռուսաստանում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումներին ընդառաջ, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ Նա հիշեցրել է, որ տոնը գալիս է խորհրդային ժամանակներից, եւ այն հանգամանքը, որ խորհրդային բանակում կռվում էին նախկին միության բոլոր ժողովուրդները, այն ընդհանուր է դարձնում։
«Փետրվարի 23-ը Ռուսաստանում համաժողովրդական տոն է, որը խորը իմաստ ունի՝ պաշտպանել հայրենիքի սահմանները։ Ներկայիս բարդ պայմաններում հատկապես կարեւոր է ժամանակների կապը։ Այդ պատճառով կարեւոր է երիտասարդ սերունդներին հայրենասեր դաստիարակելը»,- ասել է Վոլինկինը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին դիմել է ներկաներին եւ ընդգծել, որ ռուս սահմանապահները, որոնք հայ-թուրքական սահմանին մարտական հերթապահություն են իրականացնում, պաշտպանում են հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում երկու երկրներ զինծառայողները համատեղ պլանավորում են իրականացնում, բացարձակապես համակարգված գործում է ՀՕՊ համակարգը։
«ՌԴ ԶՈւ-ն ռուսական պետության հուսալի հիմքն է։ Մեր համագործակցության շրջանակներում բարձր պրոֆեսիոնալիզմ են դրսեւորում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները»,- ասել է Օհանյանը։
Նա նաեւ նշել է, որ թեպետ փետրվարի 23-ը Հայաստանում պետական տոն չէ, սակայն համատեղ հերոսական անցյալի հիշողությունն ապրում է հայ զինվորականների ավագ սերնդի սրտերում։ «Այդ պատճառով դա նաեւ մեր տոնն է»,- ասել է Օհանյանը՝ ռուս գործընկերներին շնորհավորելով Հայրենիքի պաշտպանի տոնի առթիվ։

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի\NEWS.am











