«Նիկիտա Միխալկովի անունից ներողությամբ» Միխայիլ Գորբաչովին ուղղված հեռախոսազանգը՝ նրա եւ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի քաղաքականությունը պետական մակարդակով հանցավոր ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարության համար, Lexus անունով հայտնի պրանկեր Ալեքսեյ Ստոլյարովի ձեռքի գործն է:
Այս մասին Lexus-ն ինքը պատմել է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Ես ներկայացա որպես Նիկիտա Միխալկով, նրան խնդրեցի չնեղանալ այդ հայտարարության համար եւ ասացի, որ ավելի լավ կլինի հանդիպել, խոսել եւ հաշտվել: Նա պատրաստ է: Բնականաբար, նա չի ցանկանում իր ծննդյան տարեդարձին տեսնել Միխալկովին, չի ցանկանում, որ նա իր մասին ֆիլմ նկարահանի, երբ դա առաջարկեցի»,- պատմել է Lexus-ը՝ հավելելով, որ ինքն ու Գորբաչովը հեռախոսով բազմիցս են խոսել:
Ավելի վաղ Գորբաչովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Միխալկովը ներողություն է խնդրել իրենից: «Ինձ արդեն բազմաթիվ մարդիկ են զանգահարել, այդ թվում երկու անգամ՝ Նիկիտա Միխալկովը: Ոչինչ չեմ ուզում մեկնաբանել: Նիկիտան ներողություն խնդրեց»,- Գորբաչովի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Միխալկովի հայտարարությունները ներկայացվել էին փետրվարի 19-ին հրապարակված «Ինտերֆաքս»-ի հարցազրույցում: Մասնավորապես, ռեժիսորը հայտարարել էր, որ Գորբաչովի եւ Ելցինի քաղաքականությունը հանգեցրել են ԽՍՀՄ փլուզման, եւ դա պետք է պետական մակարդակով հանցագործություն ճանաչվի:
Ավելի ուշ մեկնաբանելով Միխալկովի հայտարարությունները՝ Միխալկովը նրան կոչ էր արել քաղաքականություն չմտնել, այլ կինեմատոգրաֆիայով զբաղվել:











