Երեւանցի կինը Ոստիկանությունում բողոք է ներկայացրել, որ 2015թ. դեկտեմբերի 28-ին երկու տղամարդ իր տանը կպչուն ժապավենով կապել են իր ոտքերը, ձեռքերն ու բերանը ու գումար հափշտակել: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:
Կինը Ոստիկանություն է դիմել դեպքից 10 օր անց: Նա պատմել էր, որ իր ծանոթ Արմեն Մուրադյանը, որն իրեն գումար էր պարտք, ընկերոջ հետ եկել է իր տուն, մի փոքր խմել են միասին, զրուցել, դրանից հետո Արմենը գնացել է իր ննջասենյակ, կանչել իրեն, գցել անկողնու վրա, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերն ու պահանջել ոսկեղեն, գումար: Կինը պատմում է, որ Արմենը նաեւ իրեն հարվածել է, երբ ինքը հրաժարվել է ասել գումարի տեղը: Արմենը գտել է կնոջ պահած գումարը, ինչից հետո, երբ ընկերը ասել է, թե ինքը հեռանում է, Արմենը կնոջն ասել է, թե զղջում է, նրան իր հետ տարել Բաղրամյան գյուղ, ծանոթացրել իր մոր հետ, խոստացել, որ գումարը կվերադարձնի:
10 օր սպասելուց հետո կինը դիմել է Ոստիկանություն: Արմենին ու ընկերոջը հաջողվել է ձերբակալել: Արմենը ժխտել է պատահածը:
«Իմանոլով, որ հիվանդ հիվանդ կնիկ ա, ո՞նց կխփեի»,- ասել է նա:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:











