Երեւանի կենտրոնում արդեն 30 տարուց ավելի վթարային հողե տներում բնակվող բնակիչներն ամեն գիշեր ահը սրտերում են պառկում քնելու։ Պետրոս Ադամյան փողոցի 14 տան բնակիչներից Հակոբն իր երկու անչափահաս երեխաների հետ այսօր առավոտյան արթնացել է իրենց ննջարանի անմիջապես վերեւում գտնվող հողե տան պատի փլուզման ձայնից։ Հակոբն ասում է, որ իրենց բախտն այնքանով է բերել, որ տան պատն այնպիսի ժամի է քանդվել, որ փողոցում այդ պահին խաղացող երեխաներ կամ այդտեղ կայանված մեքենաներ չեն եղել։
«Միայն Պետրոս Ադամյան 14 հասցեում 3 տուն կա, բոլորն էլ վթարային են, էս մեր տան վերեւի տունը սկսել է քանդվել, շուտով մեր տանն էլ հերթը կհասնի։ Հին սովետական տներ են, 30 տարի առաջ են մեզ տվել, որ մենք սարքած լինեինք, կարգին կսարքեինք, սենց չէր լինի։ Խոնավությունից հենա սկսել են քանդվել, երեխաներ էլ են ապրում էս տներում, բայց ոչ ոք չի անհանգստանում։ Երեխեքս էսօր առավոտ մի կամազ հողի թափվելու հողի դմփոցի ձայնից են արթնացել» ,–ասում է Հակոբը։
Պետրոս Ադամյան 14 հացսեում ապրող վթարային տների բնակիչներն արդեն մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան` իրենց տների խնդրին ուշադրություն դարձնելու համար, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։ Բնակիչներն ասում են, որ մի օր տները կքանդվեն իրենց վրա, մարդկային զոհեր կլինեն, այդ ժամանակ քաղաքային իշխանությունները նոր կսկեն ուշադրություն դարձնելը։
«Թող գան քանդեն էս տները, մեզ էլ փոխհատուցում տան, պրծնենք, ամեն օր մեր կյանքը վտանգելով ենք քայլում: Սրանք վթարային տներ են, որոնք անհարժեշտ է քանդել։ Մայրաքաղաքի կենտրոնից փլվում ա էս պետությունը, ոչ մեկը չի անհանգստանում։ Բոլորին դիմել ենք, բացի գազի մարդուց ոչ ոք չեկավ։ Էսի որ մարդկանց վրա փլավ, ով ա պատասխանը տալու, անպաման ինչ–որ մեկը պետք ա մեռնի, որ նոր ուշադրություն դարձնեն»,–ասում է Հակոբը։











