Բիձա մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստին:

«Ո՞վ ա լսել, որ քֆուր ա տվել, ես չեմ լսել: Այ մարդ, Սեդրակյանը կուլտուրական մարդ ա: Բիձա մարդ ա, մեկ-մեկ կարողա փստացնի էլ, ոչինչ»,-ասել է նա:

Հարցին, թե մասնակցելո՞ւ է լրագրողների բողոքի ակցիային՝ ուղղված Մհեր Սեդրակյանի վարքի դեմ, Սեյրան Սարոյանը պատասխանել է. «Ի՞նչ ակցիա, ո՞ւմ դեմ, Մհերի՞: Բիձա մարդ է ընկել ձեռներդ, կերեք էդ մարդուն: Մեծ մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա, ոչինչ»:

Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:

Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով:

Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:

Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:

Նշենք, որ միջադեպը մի շարք լրատվամիջոցներ տեսանկարրահանել են, սակայն Սեդրակյանն ավելի ուշ պնդել է, որ ինքը չի հայհոյել: