ԱԺ-ում իրենց նախիր անվանած ու հայհոյած պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատժելու պահանջով այսօր՝ փետրվարի 23-ին, մի խումբ լրագրողներ բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ:

«Մեր պահանջը ուղղված է բոլոր խմբակցություններին՝ դատապարտել Մհեր Սեդրակյանի արարքը: Այստեղ կարեւոր դեր ունի անելու իշխող Հանրապետական կուսակցությունը, որի անդամ է Մհեր Սեդրակյանը: Մենք անելու ենք ամեն ինչ, որ էլի նման արարք չկրկնվի, քանի որ լրագրողը, որ գտնվում է Ազգային ժողովում, իր աշխատանքն է կատարում, իսկ յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել լրագրողին ու նրա աշխատանքը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Փայլակ Ֆահրադյանը:

Փայլակ Ֆահրադյանը նշեց, որ ինքն անձամբ է լսել՝ ինչպես է Մհեր Սեդրակյանը լրագրողներին նախիր անվանել: Դա ոչ մի տեսախցիկ չի ֆիքսել, քանի որ եղել է այն ժամանակ, երբ լրագրողները հարցազրույց են վերցնելիս եղել մեկ այլ պատգամավորից:

«Նկատելով լրագրողներին, որոնք հարցազրույց էին վերցնում մեկ այլ պատգամավորից, Մհեր Սեդրակյանն ասաց՝ այս ինչ նախիր է: Դա ես ինքս լսեցի, ոչ մի տեսախցիկ չֆիքսեց, Դրանից հետո ես մոտեցա ու հարցրի՝ ինչու եք վիրավորում, Մհեր Սեդրակյանը հունից դուրս եկավ»,-ասաց լրագրողը:

Ակցիայի մասնակից լրագրողները կազմակերպել են նաեւ ստորագարահավաք:  Ստորագրութունները կներկայացվեն Ազգային ժողով: Ակցիային են մասնակցում նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ քաղաքացիական ակտիվիստներ:

Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:

Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:

Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին: