Արդեն 18 տարի Ազգային ժողովում եմ, ու քո նման մարդիկ չեն, որ ինձ ընտրել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովո)՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե ինչու են մարդիկ դառնում պատգամավոր, եթե չեն զբաղվում օրենսդրական գործունեությամբ:

«Բա ինչո՞վ են զբաղվում, առանց խնդրելու մի բան կարամ պատասխանեմ՝ արդեն 18 տարի ստեղ եմ, ու քո նման մարդիկ չեն, որ ինձ ընտրել են»,-ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորն այդպես էլ չներկայացրեց իր կողմից ներկայացված որեւէ նախագիծ, քանի որ, ըստ նրա, հաշվետու չէ լրագրողների առջեւ. «Ձե՞զ պետք է ներկայացնեմ, իմ ընտրողները տեղյակ են՝ ես ինչով եմ զբաղվում եւ պարտադիր չէ, որ դուք ինձ տեսնեք»:

 Հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է հաջորդ խորհրդարանում, Նահապետ Գեւորգյանը պատասխանեց. «Եթե որոշողը դու ես, որոշի, կուզենաս՝ կգամ, չես ուզենա՝ չեմ գա, եղա՞վ: Երբ որ ես որոշեմ, դեռ ժամանակ կա, կգաս կհարցնես, կպատասխանեմ»:

Նրա խոսքով, քարոզարշավ դեռեւս չի սկսել, քանի որ դեռեւս շուտ է, մեկ տարի ժամանակ կա:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել է, որ որեւէ մեկի տեղը խորհրդարանում ապահոված չէ, Գեւորգյանն ասաց. «Եթե Սերժ Սարգսյան է ասել, ապա ճիշտ է ասել»:

Նշենք, որ ողջ զրույցի ընթացքում նա լրագրողների հետ խոսում էր «դու»-ով: