ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը դրական է գնահատում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատժելու՝ լրագրողների պահանջը:

«Նման պահանջների ներքո փոխվում է հանրային ընկալումը, վարքագիծը տվյալ անձանց կողմից: Շատ ցանկալի է, որ մարդիկ ուժ գտնեն իրենց մեջ ու ներողամտություն հայցեն»,- այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ շենքի մոտ ասաց լրագրողների կազմակերպած բողոքի ակցիային միացած պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պատիժը պետք է լինի այն, որ նման պահվածք ցուցաբերող պատգամավորներ այլեւս չլինեն Խորհրդարանում:

«Հայհոյանքը քրեորեն հետապնդելի արարք է, դու եթե հասարարական կարգը խախտում ես, դա խուլիգանություն է: Նույնիսկ քրեական գործ կարելի է հարուցել պատգամավորի դեմ»,- ասաց պատգամավորը: 

Լրագրողներն ավարտեցին բողոքի ակցիան: Փետրվարի 26-ին նրանք ստորագրություններով իրենց դիմումը կներկայացնեն ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով պատժել Մհեր Սեդրակյանին:

Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է: