«Երեւան Մոլի» դիմաց կայանող անհատ տաքսու վարորդները այսօր` փետրվարի 24-ին, առավոտից վերսկսել են բողոքի ակցիան: Նրանք ՀՀ Կառավարությունից պահանջում են առեւտրի կենտրոնի դիմաց` Արշակունյաց պողոտայում, իրենց տաքսիների կայանման համար բավարար տեղ հատկացնել: Նրանք սպառնում են փակել պողոտան, եթե պատկան մարմինները ընթացք չտան խնդրի լուծմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց անհատ տաքսու վարորդ Սերգեյ Ավագյանը:
Տաքսու վարորդների խոսքով, խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ կանգառի եւ տաքսիների կայանումը թույլատրող ճանապարհային նշանների տեղերը փոխվել են: Սրա հետեւանքով արգելվել է կայանել կանգառի հարակից տարածքում, եւ նրանք զրկվել են նախկինում որպես իրենց տաքսիների կայանատեղի ծառայող տարածքից: Սակայն նրանք շարունակել են կայանել այդ տարածքում եւ որոշ ժամանակ այդպես աշխատել:
Վարորդները նշում են, որ խնդիրն ավելի է սրվել, երբ ճանապարհին տեսանկարահանող սարք է տեղադրվել եւ ճանապարհային ոստիկանությունն էլ է սկսել ամենօրյա վերահսկողություն սահմանել:
«Պետավտոտեսուչները գալիս են մեքենայի համարները փակելու համար 10.000 դրամ տուգանում են: Երեւանի գայի պետը գալիս շրջում է, փակ համարանիշով մեքենա է տեսնում, նրա կարգադրությամբ մեքենան միանգամից մտնում է տուգանային հրապարակ: Ճանապարհային ոստիկանները գալիս են ժամը 6-ից 8-ը կանգնում են, արգելում են որեւէ մեքենա էստեղ կայանի, դրանից հետո էլ շրջում են, ակտեր են գրում: Չհաշված, որ կամերաներն էլ նկարում են: Ես 5000 դրամ մեքենայի վարձակալության վարձ եմ տալիս, 4000 դրամի` գազ եմ լցնում, 1000-ի իմ ծախսերն եմ անում: Չհաշված` լիցենզիայի գումար եմ վճարում, որպես տաքսի ապահովագրում եմ մեքենան: Կողքից էլ` էսքան տուգանքները: Ես էդ ինչքա՞ն պետք է աշխատեմ, որ էդքան էլ դուրս տամ»,- ասաց Սերգեյ Ավագյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Երեւան Մոլի» դիմաց կայանող անհատ տաքսու վարորդները փետրվարի 22-ին հավաքվել էին առեւտրի կենտրոնի դիմաց` ՀՀ Կառավարությունից պահանջելով առեւտրի կենտրոնին հարակից հասարակական տրանսպորտի կանգառները համապատասխանեցնել օրենքի չափանիշներին եւ իրենց տաքսիների կայանման համար բավարար տեղ հատկացնել:
Նախկինում «Երեւան Մոլի» դիմաց կանգառի եւ տաքսիների կայանումը թույլատրող ճանապարհային նշանները այլ տեղերում են եղել: Մոտ 1 տարի առաջ դրանք փոխարինվել են, ինչի հետեւանքով անհատ տաքսիներին հատկացվող տեղը կրկնակի փոքրացել է:











