«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու` Մարմարաշեն գյուղի հատվածում ավտոմեքենաների համար շրջադարձի տեղ կբացվի, մինչեւ որ մայրուղ վրա կառուցվի գյուղացիների պահանջած կամուրջը: Ավտոմայրուղու վրա շրջադարձի բացակայության պատճառով իրենց հողակտորներ տանող կարճ ճանապարհից զրկված գյուղացիներին նման խոստում է տվել Արարատի մարզպետի տեղակալը, որն այսօր` մարտի 3-ին, հանդիպել է նրանց հետ:
«Խոստացել են, որ երկու օրվա մեջ շրջադարձը կլինի, մինչեւ որ երկու ամսվա ընթացքում էլ կամուրջը կառուցեն: Հիմա պետք ա սպասենք երկու օր էլ, որ տեսնենք` ինչ են անում: Խոստացան, գնացին: Եթե չեղավ, ամեն քայլի դիմելու ենք, ճանապարհ էլ կփակենք: Մենք 350 հեկտար հող ունենք էնտեղ, դրանք անապատ են դառնալու թե չէ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից Ռազմիկ Իվանյանը` նշելով, որ իրենք խոստմանը թերահավատորեն են մոտենում, քանի որ նախկինում էլ նման խոստումներ տվել ու չեն արել:
Գյուղացիները բողոքում են, որ արդեն մեկ տարի է` իրենց հողակտորներ հասնելու համար կրկնակի ճանապարհ են անցնում: Դրա հետեւանքով կրկնակի է դառնում նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի համար վճարվող գումարը:
«Պատկերացրեք՝ եթե ցեպավոր տրակտորը 15 կիլոմետր ֆռա, հասնի էդ հողերը, կրկնակի փող ա ուզելու: Եթե էն ժամանակ 40 հազարով էր էդ տրակտորը վարում, հիմա կասի 80 հազար: Իմ աղջիկը դուրս ա գալիս աշխատանքից, տաքսուն հազար դրամ ա տալիս, որ 300 մետր տեղը գա»,- բողոքեց գյուղացին:
Մարմարաշենցիներին ասել են, որ կամրջի համար գումարը փոխանցած է, մայրուղու նախագծում կա, երկու ամսվա ընթացքում այն պատրաստ կլինի:
Նշենք, որ գյուղացիներն այսօր հավաքվել էին, պատրաստվում էին փակել Երեւան-Արտաշատ մայրուղին, երբ նրանց հետ հանդիպման եկավ մարզպետի տեղակալը:











