Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար դրամահավաքին:
Նա, այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է. «Ես հենց նոր ստացա այս նամակը եւ հավատում եմ, որ սա լավ գործ է մշակութային գործիչների եւ ակտիվ երիտասարդների կողմից։ Մենք նույնպես հետեւել ենք Գյումրիի տնակներում ապրող մարդկանց եւ ամեն ինչ արել ենք, որ նրանց պայմանները բարելավվեն»:
Իսկ նամակում, մասնավորապես, նշված է. «Ես Գյումրիի 13 անօթեւան ընտանիքների համար տուն գնելու նախաձեռնության համահեղինակն եմ։ Մենք երիտասարդ ակտիվիստների խումբ ենք, որոնք ուզում են իրենց ավանդը ներդնել, քանի որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո այստեղ դեռ ավելի քան 4000 ընտանիք անօթեւան է մնում եւ ապրում է սարսափելի պայմաններում։ Ալ Ջազիրան 40 րոպե ուղիղ եթերով հեռարձակել է մեր նախագիծը։
Մենք օնլայն դրամահավաք ենք կազմակերպել։ Մոտ 20 օրում 12.500 ֆունտ ենք հավաքել եւ հայ հայտնի մարդկանց պատկանող իրերի աճուրդ ենք կազմակերպել։
Եթե 110.000 ֆունտը չհավաքվի, գումարը ավտոմատ կերպով հետ կվերադարձվի»:
Նշենք, որ նախագծի նախաձեռնողը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է, որը Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար դրամահավաք է կազմակերպել բրիտանական Crowdfunder կայքում:
Գյումրեցի 13 անօթեւան ընտանիքի համար կազմակերպված դրամահավաքն ավարտվում է մարտի 20-ին, եւ եթե մինչ այդ չհավաքվի սահմանված գումարը, ապա մինչ այս կայքին նվիրաբերված գումարները օգտատերերին հետ կվերադարձվեն. կայքի պայմաններն են այդպիսին: «Նվիրատվությունների 80 տոկոսը դրսից է: Արդեն մեկ ընտանիքի բնակարանի գումար հավաքվել է: Գյումրիում մեկ սենյականոց բնակարանն արժե մոտ 10 հազար դոլար»,-նշել է Հայկ Բարսեղյանը:











