5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանը համարում է, որ ինքը հանցանք չի արել քրեակատարողական հիմնարկում հեռախոս պահելով եւ աբսուրդ է, որ հանձնաժողովն այդ հիմքով հրաժարվում է քննարկել իրեն վաղաժամկետ ազատելու դիմումը:
«Ոչ մեկ իրավունք չունի ինձ ասի՝ զանցանք ես կատարել: Ես իմ ընտանիքի, ծնողի հետ էի շփվում, չէի կարա չշփվեի, ինքը չլսեր, որ ես լավ եմ: Ուզում ա՝ հարյուր անգամ տույժի ենթարկվեմ, ես չէի կտրի կապն իմ ընտանիքի հետ: Ես չեմ ուզում իրանցից կտրվեմ՝ նշանակում ա՝ դա հիմք կարա լինի, որ ինձ երկարաձգե՞ն»,- այսօր՝ մարտի 3-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հեռախոս պահելու համար 5 տարի առաջ նշանակված վարչական տույժի բողոքարկմանն ասաց Արթուրը:
Արթուրը, որ 19 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ էր քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվում, լրագրողների ներկայությամբ դժգոհեց, որ կալանավայրում ինքը հարազատներին տեսակցելու հնարավորություն չի ունենում:
«Չի ապահովվում շփումը հարազատի հետ: Տեսակցություն հնարավոր է միայն տարին մեկ անգամ: Զանգելու հնարավորությունը տաքսոֆոններից է, դա էլ ամենաթանկ գներն ա՝ րոպեն 150 դրամ: Դատապարտյալները սոցիալապես խոցելի խավ են, ո՞վ չգիտի, էդ ծանր բեռ ա, մարդուն ստիպում են ամիսը 10 հազար մենակ տաքսոֆոնի վրա ծախսի»,- ասաց Արթուր Մկրտչյանը:
Դատապարտվածի խոսքին դատավորը զարմանքով արձագանքեց. «Անվճար չկա՞ տաքսոֆոններից»:
Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը պարզաբանեց, որ կալանավորները քարտերը ձեռք են բերում իրենց հաշվին, այդպես է սահմանել օրենքը:
«Այսի՞նքն, ի՞նչ է նշանակում՝ իրենց հաշվին: Ձեզ մոտ դատապարտյալները աշխատավա՞րձ են ստանում: Եթե միջոցներ չեն լինում, նշանակում է պիտի չխոսե՞ն»,- հարցրեց դատավորը:
Նշենք, որ Արթուր Մկրտչյանը 5 տարի առաջ երկու անգամ ինքնակամ հանձնել է հեռախոսը: Նրա խոսքով՝ իրեն ասել են՝ եթե ինքնակամ հանձնի, պատասխանատվության չի ենթարկվի: Այնուամենայնիվ, Արթուրին վարչական տույժի են ենթարկել, երկրորդ անգամ՝ 2011 թ. հուլիսին, որը համարվել է «չարամիտ խախտում»:
20 տարի պատիժը կրելուց հետո վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ստացած Արթուրի դիմումը հանձնաժողովը չի քննարկել՝ պատճառաբանելով, որ ըստ օրենքի, նա պետք է վերջին հինգ տարիների ընթացքում խախտում գործած չլինի:
Արթուր Մկրտչյանը 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով 1997 թ. դատապարտվել է մահապատժի, որն այնուհետեւ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նա պնդում է, որ անմեղ է, ծառայակիցներին սպանել են իրեն անծանոթ մարդիկ, որոնք դեպքի օրը իր հետ եղել են մարտական հենակետում, որտեղ կատարվել է սպանությունը:













