NEWS.am-ը ներկայացնում է մարտի 4-ի գլխավոր լուրերը:

Հայաստանի տարածքում մարտի 4-ին մի քանի ժամում 17 երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ցնցումները թույլ են եղել` 1-2 բալ, սակայն մտահոգիչ է այն, որ ցնցումների միջեւ տեւողությունը եղել է կարճ , իսկ էպիկենտրոնները՝ իրար շատ մոտ: Մասնագետներն այժմ փորձում են կանխատեսել հնարավոր սեյսմիկ զարգացումները:

Գերմանիայում 18-ամյա հայ տղան օդանավակայանում ցատկել է 2 ու կես մետր բարձրությունից ու կոտրել ոտքը: Էդգար Դարբինյանն այդ կերպ փորձում էր խուսափել երկրից հարկադիր վտարումից:  Էդգարին Գերմանիայում հիվանդանոց են տարել, նրա 20-ամյա քրոջը՝ Էլինային, նստեցրել են օդանավ եւ արդեն Երեւանում նյարդային նոպայով հոսպիտալացրել: Էդգարի եւ Էլինայի ծնողներին թույլ են տվել որոշ ժամանակ Գերմանիայում մնալ, քանի որ նորածին երեխա ունեն: Ընտանիքը Գերմանիայւմ բնակվել է երեք տարի:

Ողբերգական վթար Տավուշի մարզում: «Նիվա» մակնիշի ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը, 44-ամյա տղամարդը տեղում մահացել է՝ նրա եղբայրը, կինը, անչափահաս որդին եւ դուստրը հիվանդանոցում են: Երեխաների վիճակը ծանր է: Տուժածները Դեբետ գյուղից են, գնում էին Բերդ՝ իրենց նորապսակ դստեր ծննդյան տարեդարձին:

Սեւանում երկու ձկնորս է կորել: Նորատուսի բնակիչները գիշերը դուրս են եկել ձկնորսության, ու չեն վերադարձել: Փրկարարները այսօրվա որոնողական աշխատանքները դադարեցրել են:

Հայ փաստաբանները պահանջում են ապահովել Ավետիսյանների սպանության գործով բոլոր վկաների ներկայությունը դատարանում: Դատավորը պնդում է, որ նրանք փոխել են ծառայության վայրն ու նրանց տեղը հայտնի չէ: Մինչդեռ փաստաբանները կարծում են, որ շատ հեշտ է նրանց հասցեները ճշտելը, եթե իհարկե ռուսական կողմը նրանց միտումնավոր Հայաստանից չի հեռացրել:

Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է զորամասերից մեկը, հետեւել ծառայության կազմակերպման ընթացքին: Մարզահագուստով նախարարը նախաճաշել է զինծառայողների հետ, հանձնարարել վերացնել նկատած թերությունները:

Էրդողանի որդին ամենայն հավանականությամբ լքել է Իտալիան: Իտալական պարբերականների տրամադրության տակ հայտնվել է նրա ուղարկած sms հաղորդագրությունը, որով Թուրքիայի նախագահի որդին ընկերներին տեղեկացնում է, որ որոշել է վերադառնալ Ստամբուլ, քանի որ խնդիրներ են առաջացել Իտալիայում իր անվտանգության հետ: Այս տարի Իտալիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել՝ կապված այն տեղեկության հետ, որ Բիլալը ապօրինի ճանապարհով ստացված խոշոր գումար է մտցրել Իտալիա: Նրան նաեւ կասկածում են Իսլամական պետությանը ապօրինի նավթ վաճառելու մեջ:

Քլինթոնը ընտրողների համակրանքը նվաճելու համար վճռական քայլի է դիմել: Նա խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում գաղտնազերծել չճանաչված թռչող օբյեկտների մասին փաստաթղթերը:  Քլինթոնն առաջին անագմ չէ, որ խոսում է այս մասին: Օբամայի խորհրդականի պաշտոնը թողնելուց հետո էլ նա  ափսոսանք էր հայտնել, որ չի կարողացել հասնել ՉԹՕ-ների մասին տվյալների հրապարակմանը:

20 տարի անց Հայաստանում այսօրվա համեմատ կրկնակի քիչ երեխա կծնվի: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այս տխուր կանխատեսումը հիմնված է 90-ականներից մինչեւ հիմա գրանցված դինամիկայի վրա: Եթե 1990  թվականին Հայաստանում ծնվել էր 80 հազար երեխա, ապա այժմ այդ ցուցանիշը 40 հազար է: Երեւանում NEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ երիտասարդ ծնողներն այսօր նախընտրում են ունենալ մեկ, առավելագույնը երկու երեխա:

Գյումրիի անօթեւաններին տանիքով ապահովելու նախաձեռնությունը նոր թափ է ստանում: Երիտասարդ գյումրեցրիների նախաձեռնած դրամահավաքին արձագանքել են Շառլ Ազնավուրը, Սերժ Թանկյանը: Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստներն իրենց ստորագրությամբ մարզաշապիկներ աճուրդի կհանեն, Բարսելոնայի առաջատարներն արդեն այդ նպատակով վաճառում են իրենց ստորագրություններով ակումբի դրոշը:

Երեւանը՝ Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում: Բրիտանական  հեղինակավոր Telegraph պարբերականի կազմած ցանկում մեր մայրաքաղաքից բացի ներառվել են վրացական Մցխեթը, Քութայիսը, ութ քաղաք Հունաստանում, մեկական քաղաք Խորվաթիայում, Իսպանիայում, Կիպրոսւմ, Պորտուգալիայում, Բուլղարիայում:

Աշխարհի ամենահակասական մոդելներից մեկը՝ մորուքով բրիտանուհին բացել է Մարիաննա Հարությունյանի ոսկերչական հավաքածուի ցուցադրությունը Լոնդոնի նորաձեւության շաբաթվա շրջանակում: 25-ամյա Հարնաամ Քաուրը հազվագյուտ հիվանդություն ունի՝ ձվարանների պոլիկիստոզ, ինչի հետեւանքով առաջացած տղամարդկային մազածածկույթի դեմ ապարդյուն պայքարելուց հետո որոշել է այդ թերությունը դարձնել առավելություն:

Երեւանում է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն  Եվգենի Պլյուշչենկոն: Մարտի 5-ին նա մարզահամերգային համալիրում կմասնակցի «Սառույցի թագավորները» շոուին: Պլյուշչենկոն իր կատարումը նվիրում է հայ կանանց մարտի 8-ի կապակցությամբ եւ պատրաստ է աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում:

Մարտի 4-ին դոլարը , եվրոն , ֆունտը , ռուբլին թանկացել են: Դոլարն այսօր արժեր 490, եվրոն՝ 538, ֆունտը՝ 693 ,իսկ ռուսական ռուբլին՝ 6.69 դրամ: 

Հայաստանի տարածքում մարտի 5–ին սպասվում է անձրև ու ամպրոպ: Օդի ջերմաստիճանը, սակայն,  էապես չի փոխվի: Երևանում նույնպես անձևային եղանակ կլինի: Այս գիշեր Երևանում կլինի մինչև 12 , իսկ վաղը ցերեկը՝ մինչև  20 աստիճանի տաքություն: