Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ին սպանված 44-ամյա Նվեր Քոչինյանի քույրը պնդում է, որ իրենց ընտանիքի անդամները չեն հրկիզել եղբոր սպանության մեջ մեղադրվող Արմեն Կախյանի առանձնատունը:

«Պաժառի հետ մենք որևէ կապ չունենք, դեպքից հետո ախպորս տղուն ու հորս տարան բաժին, հարցաքննեցին, մենք հրկիզման հետ կապ չունենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Քոչինյանը:

Նշենք, որ Կախյանների առանձնատունը այրվել էր փետրվարի 27-ին`Նվեր Քոչինյանի սպանությունից օրեր անց: Վահագնի գյուղի բնակիչները ասում են`առանձնատունը դիտավորյալ են այրել: Նրանց խոսքով, անհայտ անձինք «ֆակելների» միջոցով ջարդել են Կախյանների տան ապակիները, ապա հրկիզել բնակարանը, որի հետեւանքով այրվել է ննջասենյակն ու միջանցքը: Ենթադրվում է, որ առանձնատունը հրկիզել են սպանված Քոչինյանի ընտանիքի անդամները` վրեժխնդրությունից դրդրված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը:

Մեզ հայտնի էր դարձել, որ սպանվածն ու սպանությունը կատարելու մեջ կասկածվողը՝ Արմեն Կախյանը, համագյուղացիներ են, տարիներ առաջ մտերիմ ընկերներ են եղել, միասին աշխատել են ՌԴ-ում, ապա ինչ-որ ֆինանսական հարցերի շուրջ անհամաձայնություններ են եղել, որն էլ վերածվել է թշնամանքի:

Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Արմեն Կախյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշենք, որ Կախյանի ընտանիքը (7 մարդ), այդ թվում կանայք ու երեխաներ, դաժանաբար սպանվել էին 2000թ-ին: