Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղի բնակիչ 34-ամյա Էդգար Հ.-ն, գողության կասկածանքով, փետրվարի 29-ին բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Մեխանիկ-վարորդ Էդգարը ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել օրեր առաջ նույն գյուղում կատարված գողության համար: Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 10-ին, ժամը 21.10-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում մտել են իրենց տուն եւ գողացել բջջային հեռախոս, պլանշետ եւ դրամ՝ պատճառելով մոտ կես մլն դրամի վնաս:

Մասիսի ոստիկաններին հաջողվել է արժեքավոր տեղեկություններ ստանալ տեղի ունեցածի մասին եւ կարճ ժամանակում գտնել կասկածյալի հետքը:

Էդգարը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, որի մետ նկատվել է տուժողներին պատկանող սպիտակ բջջային հեռախոսը:

Ոստիկանությունում նա խոստովանական բացատրություն է տվել եւ մանրամասնել տեղի ունեցածը: Էդգար Հ.-ն ոստիկաններին պատմել է, որ այդ օրը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, գողություն էլ կատարել է ոչ սթափ լինելու հետեւանքով:

«Գնացել եմ հայաթ, կանգնել եմ ընդեղ, առաջին հարկի դուռը բացվել ա, ես վախից փոխանակ դուրս վազեմ, բարձրացել եմ երկրորդ հարկ: Հետո զանգ ա էկել, ես էդ ձենը լսացել եմ հեռախոսի, որովհետեւ բալկոնին կպած էր սենյակը: Մոտիկացել եմ, պլանշետը տեսել եմ սումկից կիսատ դուրս եկած: Դա եմ վերցրել, մեկ էլ հեռախոսը ու դուրս եմ եկել»,-պատմել է Էդգարը:

Նրա պատմելով հաջորդ օրն արթնացել է, գիտակցել արարքն ու նույնիսկ փորձել է քավել մեղքը, բայց համարձակությունը չէր ներել: «Ուզեցել եմ տանեմ հետ տամ, որ աղջկա հեռախոս էր, վախեցել եմ տանեմ հետ տամ: Ի վերջո, որոշել էր առանց ավելորդ աղմուկի ազատվել ձեռք գցած գլխացավանքից՝ վաճառելով դրանք ինքնարժեքից տասնապատիկ էժան:

«Պլանշետն ու հեռախոսը ծախել են. 25 հազար պլանշետը, 10 հազար էլ՝ հեռախոսը: Ինձ թվաց, մարդ ես, կարող ա չբացահայտվի, որոշ ժամանակ անցնի, ես էթամ ներողություն խնդրեմ, դրա թազեն առնեմ հետ տամ»,-ասել է 34-ամյա մեխանիկ-վարորդը: