Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի ունեցավ պատանի երկրապահ կամավորականների հանդիսավոր երդման արարողությունը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը պատանի երկրապահների տարբեր շրջանների ստորաբաժանումները հանդես եկան ցուցադրական վարժություններով։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Մուրադյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Այս օրը խորհրդանշանական օր է: Երկրապահ կամավորականների միությունը մեր երկրի համար դարձել է հպարտություն: Հպարտություն ենք ապրում, սպարապետի ծառայության արդյունքն է նրա երիտասարդ զավակը՝ հայկական բանակը: Այն, ունենալով ազգային ավանդույթները, երկրապահների, ազատամարտիկների, մեր զինծառայողների գործունեությամբ շաղախված հաղթանակները, ապահովում է հայ ժողովրդի արարումը: Դուք երդվում եք ամեն ինչ անել, որ ձեզնից յուրաքանչյուրի բոլոր կարողությունները օգրագործվեն Հայոց բանակի համար»,- միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
Միջոցառումից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակին:
Նշենք, որ Ծիծառնակաբերդում 5 հազարից ավելի պատանի երկրապահ երդվեց: Միեւնույն ժամանակ Հայաստանի տարբեր մարզերում նույնպես տեղի են ունեցել երդման արարողություններ: Միջոցառումներին մասնակցած պատանի երկրապահների ընդհանուր թիվը 20 հազար է:













