NEWS.am-ը ներկայացնում է մարտի 5-ի գլխավոր լուրերը՝ համառոտ:
Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ. ապրիլին։ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը NEWS.am-ին ասել է՝ կոնկրետ օրը հայտնի չէ, իսկ մոտավորապես՝ ապրիլի 1-10-ը:
Մետրոյի գնացք՝ նախագահական շարասյան փոխարեն: Սերժ Սարգսյանն այսօր երթեւեկել է մետրոյով, որտեղ նրան ծանոթացրել են մետրոպոլիտենի արդիականացման աշխատանքերին, անվտանգ շահագործման եւ մյուս խնդիրներին: Նախագահը գնացք է նստել Մարշալ Բաղրամյան, դուրս եկել «Զորավար Անդրանիկ» կայարանում, որտեղից ուղիղ մուտք կա նորակառույց «Ռոսիա Մոլ» առեւտրի կենտրոն: Սերժ Սարգսյանը ներկա է եղել Խաչատուր Սուքիասյանին պատկանող առեւտրի կենտրոնի բացմանը:
Խաչատուր Սուքիասյանը սկսել է վերանորոգել նաեւ իրեն պատկանող Ռոսիա կինոթատրոնի շենքը: Գործարարը խոստացել է, որ շենքը կունենա շինարարական նոր լուծումներ, սակայն կպահպանի հին տեսքը:
Իշխանական վերնախավն առավոտից Եռաբլուրում էր: Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 57 տարեկան:
Քաղաքական գործիչներն արդեն սովորել են՝ Եռաբլուրում նաեւ քաղաքական հարցեր են հնչում:
Այսօրվա հայտնությունը Սուրիկ Խաչատրյանի որդին էր՝ Տիգրան Խաչատրյանը: Ինչպես է նա առանց ծառայելու հայտնվել Երկրապահ կամավորական միությունում: Իսկ ինչպես է պատահում, որ ամենասկանդալային մարզպետի որդին անընդհատ հայտնվում է քրեական տարբեր պատմություններում:
Եռաբլուրից երկրապահները ուղեւորվեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ ավանդույթի համաձայն այսօր երդվում են պատանի երկրապահները: 5000 պատանիների երդման արարողությանը հաջորդեցին ցուցադրական ելույթներ, որոնցից ոչ բոլորը նախատեսված սցենարով ընթացան:
Ժիրայր Սեֆիլյանին այսօր՝ մարտի 5-ին քննչական բաժին էին կանչել վկայություն տալու: Շենք մտնելիս նա չգիտեր՝ ինչ գործով են իրեն կանչել: Արդեն ներսում պարզվել էր՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հաղորդում է տվել, թե անհայտ անձիք իրեն ծեծել են՝ Սեֆիլյանի դեմ գրառումների համար:
Ադրբեջանը տարանցիկ երկիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Այս մասին նշվում է ամերիկյան պետդեպարտամենտի զեկույցում: Ըստ դրա՝ Ադրբեջանի տարածքով են անցնում Աֆղանստանից ու Իրանից դեպի Եվրոպա եւ Ռուսաստան թմրադեղերի փոխադրման հիմնական երթուղիները:
Արգենտինայում տղամարդուն մերկացրել են, կապել պարանով ու ման տվել փողոցում: Բուենոս Այրեսի բնակիչներն այդ կերպ պատժել են նրան՝ 8-ամյա աղջկան բռնաբարելու փորձի համար:
Գիշերը Հայաստան է ժամանել ռուս երգիչ Դիմա Բիլանը: Նա օլիմպիական չեմիոն Եվգենի Պլյուշչենկոյի հետ երեկոյան ելույթ է ունեցել «Սառույցի թագավորները» շոուի շրջանակում: Բիլանը օդանավից իջել է վատ տրամադրությամբ, կոպտել սակավաթիվ լրագրողներին ու իր ուղեկցողին: Երգչին թերեւս բարկացրել էր ուշաթափվող երկրպագուների եւ հետապնդող տեսախցիկների բացակայությունը սպասասրահում:
Շատ ավելի ջերմ են Հայաստանում ընդունել Նիկոլայ Բասկովին: Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով նա մենահամերգ է տվել Երեւանում, կատարել ոչ միայն իր երգացանկի ամենահայտնի գործերը, այլեւ հայկական շանսոն:
Դոլարի, ֆունտի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, իսկ ռուբլունը՝ աննշան աճել: Դոլարի առքն այսօր եղել է 489 դրամ, վաճառքը՝ 493 դրամ: Ռուսական ռուբլին հայաստանյան բանկերը գնել են 6,63 դրամով, վաճառել՝ 6,9 դրամով: Եվրոյի առքը 533 դրամ է, վաճառքը՝ 543: Բրիտանական ֆունտի առքը փոխանակման կետերում հասել է 687 դրամի, վաճառքը՝ 703-ի:
Հայաստանի տարածքում մարտի 6-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Կիրակի և երկուշաբթի օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում նույնպես անձրեւ եւ ամպրոպ են կանխատեսում: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի մինչև 12, իսկ վաղը ցերեկը` մինչև 16 աստիճան տաքություն:











