Էկվադորում Տունգուրաուա հրաբուխը դարձյալ մոխիր եւ ծուխ է արտանետել երկինք մի քանի հրե ժայթքման ընթացքում:
5000 մ-ից քիչ ավելի բարձրություն ունեցող լեռը երկրի մայրաքաղաք Կիտո քաղաքից 135 կմ հեռավորության վրա է:
Հրաբուխն արթնացել է 1999-ին: 2006-ին դրա ժայթքումը մարդկային զոհերի պատճառ էր դարձել. 4 մարդ զոհվել է, երկուսը` անհետ կորել: Անցյալ տարվա նոյեմբերին տեղի բնակիչներին նորից ստիպված են եղել տարհանել հրաբխի ակտիվության հետեւանքով:
Ներկայիս մեծացած ակտիվությունն արձանագրվել է փետրվարի 27-ին. տեղի բնակիչները ստորգետնյա ցնցումներ են զգացել: Մարտի 2-ին Տունգուրաուան սկսել է ժայթքել: Էկվադորի իշխանությունները վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել: Հրաբխագետների տվյալների համաձայն, մոխրի եւ ծխի սյունը վերջերս 4 հազար մետր բարձրության է հասել:
Մոխիրը նստում է մոտակայքի գյուղերի վրա: Մարդիկ ստիված են փողոց դուրս գալիս դիմակ կրել: Էկվադորցի ֆերմեր Խոսե Մորոչոյի խոսքով՝ նախօրեին երեկոյան երկիրն աննախադեպ կերպով հարձակվել է իրենց վրա: «Մեզ վրա մինչեւ լուսաբաց մոխիր էր լցվում: Մենք գնալու տեղ չունենք, այնպես որ ստիպված ենք համակերպվել իրերի նման դրվածքին»:
Նշենք, որ կեչուա հնդկացիների լեզվով, Տունգուրաուան «հրե կոկորդ» է նշանակում: Դա Էկվադորի մայրցամաքային հատվածի 84 գործող հրաբուխներից մեկն է։











