Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ մարտի 9-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ ի նշան բողոքի պառկեց դատական նիստերի դահլիճում:
Գասպարին հայտարարություն արեց, որ իրեն խոշտանգումների դեմ ուրիշ ոչ գործիք չի մնում իրեն կիրառել, քան պառկել: Դատավորը որոշեց դատական սանկցիա կիրառել ու Գասպարիին վեց ժամով հեռացնել նիստերի դահլիճից:
Գասպարին եւ նրա պաշտպան Տիգրան Եգորյանը, որ քսան րոպե ուշացումով ներկայացան նիստին, նախքան այդ փորձում էին դատավոր Նելլի Բաղդասարյանից պարզաբանում ստանալ՝ ինչպես է պատահել, որ դատարանը նախորդ անգամ Գասպարիին վեց ժամով հեռացրել էր դատական նիստերի դահլիճից, սակայն առանց դա վերացնելու որոշում կայացնելու այժմ թույլ է տալիս ներկա գտնվել նիստին:
«Վարչական դատարանում, երբ Վարդգես Գասպարին երեսունվեց ժամով հեռացվել էր, ուզել էր մի քանի օր հետո ներկայանալ դատական նիստին, նրան պարզաբանել էին, որ այդ երեսունվեց ժամը վերաբերում է դատական նիստի երեսունվեց ժամին: Հիմա ուզում ենք վեց ժամի հետ կապված մեր պարզաբանում տրվի: Այդ որոշումը վերացնելու մասին դատարանը որոշում չի կայացրել: Եթե կա որոշում, իմ վստահորդը խախտում է որոշումն ուրեմն»,- դատավորին դիմեց պաշտպան Տիգրան Եգորյանը:
«Դատարանը ոչ մեկին պարզաբանում տալ պարտավոր չէ: Վեց ժամը լրացել է, դատարանը թույլ է տալիս, որ մանսկացի դատական նիստերին»,- վրդովվեց դատավորը՝ փաստաբանին հորդորելով «դեմագոգիայով չզբաղվել»:
Փաստաբանը ցանկացած ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն դատարանը չլսեց միջնորդությունը: Դատական նիստը բանավեճի վերածվեց: Գասպարիի՝ դահլիճում պառկելուց հետո դատարանը հեռացավ նաեւ պաշտպանի նկտամամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու:
Գասպարին որոշ ժամանակ մնաց պառկած, այնուհետեւ կարգադրիչները ձեռքերից ու ոտքերից բռնած նրան դուրս բերեցին դահլիճից: Այժմ նա շարունակում է պառկած մնալ դատարանում՝ նիստերի դահլիճից դուրս: Դատական նիստն ընդմիջվել է:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` ազատ է արձակվել:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:











