Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքում գործող խանութներից գողություն կատարած անձանց ինքնությունը։
2016 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Երեւանի Տերյան փողոցում գործող խանութներից մեկում առերեւույթ հանցագործություն կատարած անձը գանձապահի սեղանի վրայից հափշտակել է «Նոկիա» մոդելի բջջային հեռախոս՝ պատճառելով քաղաքացուն զգալի վնաս:
Բացի այդ, նույն օրը՝ ժամը 15:55-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Սայաթ-Նովա փողոցում գործող խանութից հափշտակել է «Շանել» տեսակի դեմքի քսուք՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքերի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված գողությունները կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութներում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնց հետազոտման արդյունքում պարզվել է, որ խանութներ մտնելիս նա միայնակ չի եղել, եւ նրանց մասնակցությամբ գողության դեպքեր են գրանցվել նաեւ այլ խանութներից։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութի մեջ պատկերված անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց կամ որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











