Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հարգանքի տուրք է մատուցել իր հայ ուսուցչին՝ Տիգրան Թահթային, որը նրան ոգեշնչել է գիտության ոլորտում առաջին քայլերն անելու հարցում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հոքինգը նշել է, որ Տիգրան Թահթան Սենթ Օլբանսի դպրոցում իր ուշադրությունն է գրավել մաթեմատիկայի ուղղությամբ, ինչը գիտնականը նկարագրում է որպես «տիեզերքի ծրագիր»: «Ձեռագիրս վատն էր, եւ ես ծույլ էի: Շատ ուսուցիչներ ձանձրալի էին: Բայց ո՛չ պարոն Թահթան»,- պատմել է հայտնի ֆիզիկոսը:
Բազմաթիվ պարգեւների արժանացած գիտնականը տեսանյութ է ձայնագրել, որտեղ բարձր է գնահատել 2006 թվականին վախճանված իր ուսուցչի ներդրումը: «Նրա դասերը կենդանի էին ու գրավիչ: Ամեն ինչ կարելի էր քննարկել: Մենք միասին մեր առաջին համակարգիչն ենք կառուցել: Պարոն Թահթայի շնորհիվ ես Քեմբրիջում մաթեմատիկայի պրոֆեսոր դարձա՝ ստանձնելով ժամանակին Իսահակ Նյուտոնի զբաղեցրած պաշտոնը»,- ասել է Հոքինգը:
Նրա խոսքով, «յուրաքանչյուր բացառիկ մարդու հետեւում բացառիկ ուսուցիչ է կանգնած»: Նրա տեսաուղերձը հրապարակվել է Global Teacher Prize մրցույթի արդյունքների հայտարարումից առաջ:











