Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ն բացահայտել է դրանց վնասազերծմամբ եւ ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կեղծիքը: Կենդանասերներն այսօր՝ մարտի 10-ին, անասնաբուժանական կլինիկա են տեղափոխել նախօրեին «Յունիգրաֆ-Իքսի» բաց թողած 40 շներից 7-ին, վիրահատել եւ պարզել են, որ նրանք կամ ստերլիզացված չեն, կամ դա արվել է կոպիտ խախտումներով:
«Շներից մեկի որովայնը բացված է, ահավոր կարեր են դրված, ահավոր բորբոքում կա, բացի այդ՝ կտրվածք կա ականջի վրա, եւ այն սկսել է նեկրոզվել», - NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դինգո թիմ» ՀԿ անդամ Գոհար Մանուշակյանը:
Անասնաբուժական կլինիկայում, որտեղ վիրահատել են կենդանիներին, NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ շներից մեկի որովայնի հատվածում կտրվածքն արված է արգանդի հեռացման համար բավական անհարմար տեղում, կտրվածքի հատվածում մազահեռացում չի կատարվել, վերքը անփույթ են կարել:
Անասնաբույժները վիրահատեցին կենդանուն՝ վերքը վերամշակելու ու հասկանալու համար՝ այն ստերիլիզացված է, թե ոչ, ու պարզեցին, որ այն 2 շաբաթական հղի է:
Սա զարմացրեց վիրահատող անասնաբույժին. «Նրանց ստերջացրած շան արգանդը կամ ինչ-որ կերպ նորից է աճել, եւ ինքը նորից հղիացել է այս 2 շաբաթվա ընթացքում, ինչը հեքիաթային է, կամ էլ նրանք պարզապես չեն ստերջացրել»:
Որոշ շների մոտ էլ արգանդի հեռացման վիրահատության համար արված կտրվածքներն ավելի փոքր էին, ինչը նույնպես կասկածի տեղիք տվեց ակտիվիստներին եւ անասնաբույժներին: Բոլոր 7 շների վիրահատությունից հետո նրանք արձանագրեցին, որ դրանցից ոչ մեկը ստերջացված չէր:
Նշենք, որ «Յունիգրաֆ-Իքսը» պարբերաբար քաղաքում բաց է թողնում որոշ քանակությամբ շներ՝ ցույց տալու համար, որ իրենք իսկապես ստերիլիզացնում են շներին:











