Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներ Ռուսլան, Արկադի եւ Ռոման Հարությունյանների հայրը` Ռաֆայել Հարությունյանը, որդիների հետ գիշերն էր խոսել: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տղաները լավ տրամադրությամբ տուն են վերադառնալիս եղել:

«Իրենք որ գնացին, ես ու կինս վատառողջ էինք, զանգել էին, որ իմանան՝ ոնց ենք: Լավ էին, անընդհատ մեր մասին էին հարցնում, իրենցից շատ բան չասացին»,-պատմեց նա:

Ռաֆայել Հարությունյանը նշեց, որ իր միջնեկ որդին` Ռուսլանը, որը ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է, դպրոցն ավարտելուց հետո գնացել է բանակ, այնուհետեւ անցել պայմանագրային ծառայության:

«Ռուսլանս որ գնաց, Արկադին ու Ռոմանն էլ որոշեցին գնան աշխատեն: Իրենք երեքով էին աշխատում, ընտանիք պահում»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել է: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնել է, որ զինծառայողները բազմաթիվ կոտրվածքներ եւ սալջարդեր են ստացել, ծանր վիճակում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են: