Սերժ Սարգսյանը եւ Կիրսան Իլյումժինովը շախմատ են խաղացել: Հաղթել է Սերժ Սարգսյանը: Կայծակնային խաղի չնախատեսված պարտիան տեղի է Մոսկվայում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման ժամանակ: Մրցաշարին մասնակցում է ութ գրոսմայստերներ, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը: Հաղթողը իրավունք կստանա համաշխարհային թագի համար պայքարել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցաշարի հովանավորը Հայաստանն է: Մեկնարկային տուրի առաջին քայլը կատարել է Սերժ Սարգսյանը:
Մարտի 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կասեցրել է ադրբեջանական հերթական դիվերսիան: Հակառակորդի դիվերսանտները հետ են շպրտվել` տալով 2 զոհ: Հայկական կողմից, բարեբախտաբար, զոհեր չկան: Այս գիշեր Ադրբեջանը հաուբից տիպի հրանոթներից հրետակոծել է առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող տարածքներ, ինչը աննախադեպ է հրադադարի ողջ ընթացքում:
Արարատի մարզում ողբերգական վթարից փրկված 2 պայմանագրային զինծառայողների վիճակը ծանր է: Արկադի եւ Ռոման Հարությունյանները վիրահատվել են, բժիշկներն ամեն րոպե սպասում են դրական տեղաշարժի: Նրանք վթարի հետեւաքով մահացած երեք զինծառայողներից մեկի եղբայրներն են: Վթարի պատճառը դեռ պարզ չէ:
Մեկնարկել են ընտրական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումները: Առաջին քննարկմանը, որի մասնակցել են իշխանության, ընդդիմության, միջազգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, պարզ դարձավ, որ իշխանությունը ոչ մի գնով չի կատարելու ընդդիմության գլխավոր պահանջը, եւ չի հրապարակելու քվեարկած ընտրողների ցուցակը, քանի որ դա համարում է ընտրողների սահմանադրական իրավունքի խախտում: Փոխարենը ակնարկել են, որ պատրաստ են զիջումների գնալ մեկ այլ հարցում, վերանայել ընտրատեղամասում լրագրողների եւ դիտորդների թիվը ութով սահմանափակելու դրույթը:
Սիրիայում իրավիճակը չի կայունանում Թուրքիայի պատճառով՝ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը , որը Երեւանում մասնակցում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստին: Թուրքիայի տարածքից Սիրիայի ռմբակոծումը թույլ չի տալիս, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը հաջողությամբ պսակվի՝ ասել է նա: Այս կոնտեքստում Նարիշկինը ընդգծել է Հայաստանի կարեւորությունը, որպես մերձավորարեւելյան տարածաշրջանին համեմատաբար մոտ գտնվող ՀԱԿՊ անդամ երկիր:
Կիսլովոդսկում ձերբակալվել է 19-ամյա Արտյոմ Հակոբյանը, որը մեղադրվում է մերժված սիրո պատճառով 14-ամյա ռուս աղջկան դաժանաբար սպանելու մեջ: Աղջկա ընկերուհիները պնդում են, որ Արտյոմի ու Սաշայի միջև սիրային կապ չի եղել։ Քննության վարկածով՝ մարտի 3-ին Արտյոմը աղջկան սպանել է քարով գլխին հարվածելով, ապա մարմինը նետել գետը: Մի քանի օր ոստիկանությունը փնտրում էր Արտյոմին: Այդ ընթացքում նա սոցցանցում իր հանցանքը խոստովանել է ու փորձել ձեւացնել, իբրեւ ինքնասպան է եղել: Այսօր, սակայն, նրան գտել ու ձերբակալել են:
Պերմյակովի արյան ճնշումը բարձրացել է: Թերեւս ծանր էր ժամեր շարունակ լսել Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությանն առնչվող մանրամասներ: Այսօր դատարանում հրապարակվել են գործով ապացույցները, այդ թվում՝ ոճրագործությունից անմիջապես հետո արված լուսանկարները: Ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել է, դատավորը նիստը հետաձգել է: Ի դեպ՝ դատարանին այդպես էլ չի հաջողվել ապահովել 7 ռուս վկաների ներկայությունը: Նրանք դեպքից հետո ազատվել են ռազմաբազայում ծառայությունից:
Գյումրիում փորձում են գլուխ հանել անցած գիշեր տեղի ունեցած միջադեպից: Խանջյան փողոցի բնակիչների մի մասը կրակոց է լսել, մյուսները՝ գմփոց: Դեպքի վայրում միայն փշրված ապակիներ են գտել, ավելի ուշ երկու վթարված մեքենա՝ քաղաքի տարբեր մասերում: Լեքսուսը ավագանու նախկին անդամ Չուբար Զարգարյանի ընտանիքին է պատկանում, Ֆորդը՝ ավագանու գործող անդամ Տիգրան Փանոսյանին, նույն ինքը՝ «Կռուգի Մըստը»: Գյումրեցիներն ասում են՝՝ դիտավորյալ են բախվել, աղջկա հաշիվ է, Չուբարի եղբոր տղան Փանոսյանի աղջկան է ուզում, չեն տալիս:
Հարությունին դուր էր եկել էպիկական հանգիստը: 58-ամյա տղամարդը երեք օրում երկրորդ անգամ է բարձրացել Սասունցի Դավթի արձանի վրա: Փրկարարները նորից ստիպված են եղել այնտեղից իջեցնել հարբած տղամարդուն:
Գերմանիայում սկսել են զբաղվել միգրանտների սեռական դաստիարակությամբ: Հատուկ պորտալ են ստեղծել, որում 13 լեզուներով բացատրում են, թե ինչ է սեքսը: Միգրանտներին սա վրդովեցրել է: Նրանք կարծում են, որ Արեւմուտքը իրենց վայրենու տեղ է դնում: Մինչդեռ գերմանացիները դեռ ուշքի չեն գալիս ամանորյա դեպքերից, երբ իրենց կանայք զանգվածային սեռական ոտնձգության էին ենթարկվել ներգաղթյալների կողմից:
Նոր սկանդալ է հասունանում նորաձեւության աշխարհում: Ամերիկյան երկու առաջատար հեռուստաալիքները հրաժարվել են եթեր հեռարձակել ներքնազգեստ գովազդող հոլովակը, որում նկարահանվել են հայտնի գեր մոդելներ: Ենթադրվում է, որ մերժման պատճառը հենց նրանց փարթամ կազմվածքն է:
ԱՄՆ դոլարն էժանացել է, ռուբլին, եվրոն եւ ֆունտը՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը մարտի 11-ին 490 դրամ, եվրոյինը՝ 545, ֆունտինը՝ 700, ռուբլունը՝ 6.99:
Հայաստանի տարածքում, նաև Երևանում մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի մինչև 6, վաղը ցերեկը` մինչև 18 աստիճան տաքություն:











