43-ամյա Արտյոմ Ավետիսյանն էլի Ուրցաձոր կգնա կենդանիներին տեսնելու, բայց իր վրա հարձակված առյուծին այլեւս այդքան չի մոտենա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ժպիտով պատմեց, որ կենդանիների հանդեպ սերը առաջին անգամ չէ, որ գլխին փորձանք է բերում։
«Մի անգամ էլ արջը դուրս եկավ դիմացս, ուզում էր հարձակվեր, հետ մղեցի, քիչ էր մնում մատս մտներ աչքը»,- պատմում է կարատեիստ Արտյոմը։
Արտյոմը պատմեց, որ ամեն առավոտյան իր կարատեիստ ընկերների հետ վազելու է գնացել Խոսրովի անտառում։ Այս անգամ էլ կերուխում են կազմակերպել, մի փոքր գինովնալուց հետո Արտյոմը որոշել է գնալ «Լեննականից բերած» առյուծներին տեսնելու։
«Գնացինք, կերանք-խմանք, ասի՝ տղերք ստեղ Լեննականից առյուծներ են բերել, ուզում եմ տենամ իրանց։ Ընկերս ասեց՝ ես էլ ուզում, մյուսները մնացին, մենք բարձրացանք։ Մոտեցա առյուծի վանդակին, թաթերը դուրսն էր, ուզում էի սիրեի, ձեռքս մի քիչ առաջ տարա, ինքն էլ առաջ եկավ, զգում էի, որ գռմռում ա։ Մի եղունգով աջ թեւիցս բռնեց ու քաշեց իրան։ Ինքը քաշում էր, ես հետ էի քաշում։ Հետո ինքն ավելի ուժեղ էր քաշում, ու արդեն թեւս էր տանում, պահակը չգիտեմ որտեղից հայտնվեց, շեղեց ուշադրությունը, ինձ բաց թողեց»,- պատմեց Արտյոմը։
Կենդանու ձեռքից ազատվելուց հետո Արտյոմին ընկերները հիվանդանոց են տեղափոխել։
Արտյոմը համարում է, որ հրաշքով է փրկվել, պատահածում էլ միայն իրեն է մեղադրում։
«Ոչ կենտրոնի, ոչ առյուծի մեղքը չի։ Ես եմ անզգույշ եղել, ես շատ մոտեցա, բայց դե շատ եմ սիրում կենդանիներ, ուզում էի սիրեի։ Կարեւորը՝ պրծա էս փորձանքից, թե չէ շատ գիշատիչ էր էս կենդանին»,- ասաց նա։
Արտյոմը, բժիշկների խոսքով, դեռ 8-9 ամիս բուժում պետք է բուժում ստանա՝ ձեռքը վերականգնելու համար։ Նա դեռ հիվանդանոցում է, վիրահատվել է, վիճակը կայուն է, տրամադրությունը՝ բարձր։
Նշենք, որ Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծները փետրվարի 10-ին տեղափոխվել են Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն, որը ֆինանսավորում է FPWC կազմակերպությունը:











