2015 թվականի ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի, Եղեգնուտի, Դսեղի եւ Ստեփանավանի անտառտնտեսությունների տարածքներում հայտնաբերել է ավելի քան 2000 անօրինական հատված ծառ։ Գրեթե բոլոր ահազանգերի արդյունքում հարուցվել են քրեական գործեր եւ մի մասն էլ արդեն քննվում է դատական ատյաններում։

Այս առնչությամբ, ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այս փաստերին վերաբերող մեր պաշտոնական հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ այդ ծառահատումների մի մասը հետագայում արձանագրել է նաեւ բնապահպանության նախարարությունը։ Նախարարության բնապահպանական պետական տեսչության ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալներն իհարկե իրականության միայն փոքր մասն են արտացոլում, բայց սա էլ կարելի է որոշակի առաջընթաց եւ ձեռքբերում համարել։

Ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանի պատասխանն իրենց կողմից արձանագրած ծառահատումների վերաբերյալ․

«1. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի» անտառտնտեսություն մասնաճյուղում ապօրինի հատված 142 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 2 662 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին:

2. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 27 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 655 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնին:

3. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 96 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 7 077 000 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնին:

4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 22 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 841 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությանը:

5. Հայտնաբերվել նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Ծավ գետի հարակից տարածքներում՝ 208 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 5 803 750 դրամ: Ներկայումս իրականացվում են տարածքի պատկանելիությունը պարզելու եւ տեղադիրքի ճշգրտման աշխատանքներ: Նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնին»:

Ուզում ենք հատկապես նշել, որ շատ հեռու են իրականությունից Դսեղի եւ Եղեգնուտի անտառտնտեսությունների մասին ներկայացված նախարարության տեղեկությունները, որտեղ մենք հայտնաբերել էինք մոտ 1000 ծառի կոճղ, որոնց վրա չկային օրինականությունը հաստատող եւ ոչ մի նշում, ինչը հստակ իրավունք է տալիս մեզ պնդելու, որ դրանք բոլորն էլ եղել են ապօրինի հատումներ (մանրամասները այստեղ)։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նույնպես պատասխանել է մեր հարցմանը, որին առանձին կանրադառնանք մոտ օրերս։

Հ․Գ․ Որպեսզի լավ պատկերացում կազմեք, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանի անտառներում, դիտեք նաեւ ՀԲՃ-ի «Ոչնչացվող անտառի հետքերով» տեսաշարքի թվով տասը տեսանյութերը։