Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի առանձնատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւանի Ամառանոցային փողոցում գտնվող տներից մեկի պատուհանը, ապօրինի մուտք գործել տուն, հափշտակել ոսկյա զարդեր եւ սրբապատկեր ու դիմել փախուստի՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված առանձնատանը տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես մի տղամարդ մուտք է գործում տուն, որոշ ժամանակ հետո դուրս գալիս ու հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











