Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցնում է, որ աշխարհում կան պետություններ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան Հայաստանում: Այս մասին այսօր` մարտի 14-ին, ԱԺ հանձնաժողովի այս տարվա զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրմանը` ինչու է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ավելի թանկ, քան այլ երկրներում:

«Ինչ վերաբերում է պարոն Մանուկյանի այն հարցին,  թե ինչու է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ավելի թանկ, քան այլ երկրներում, պետք է ասեմ, որ թվարկված մի քանի երկրներից զատ ես կարող եմ այլ երկրներ եւս թվարկել, որտեղ ավելի բարձր է: Օրինակ` Հայաստանում բնակչության համար հանձնաժողովի գործող որոշմամաբ սահմանված էլեկտրաէներգիայի սակագնի միջին մեծությունը համարժեք է 10 ԱՄՆ սենտ` կիլովատժամի դիմաց, մինչդեռ Լիտվայում այն կազմում է 1,37 ԱՄՆ սենտ…»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը տեղից միջամտեց՝ ասելով, որ Ռոբերտ Նազարյանը սուտ է խոսում եւ այդ համեմատություններով թյուրիմացության մեջ է գցում բոլորին. « Մարդը սուտ ա ասում,   Բելառուսի օրինակն էլ կա, որտեղ գինն ավելի մատչելի է»:

«Սուտը դու ես ասում, եկամուտների տերը ես չեմ… Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի եւ Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական դոտացիա»,-պատասխանեց Ռոբերտ Նազարյանը:

Հրանտ Բագրատյանն էլ բղավեց. «Չկա»: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա»,- հայտարարեց Նազարյանը: «Չկա»,- պնդեց Բագրատյանը:

«Մարդը սուտ ա ասում»,- կրկին բղավեց Բագրատյանը: «Սուտը դու ես ասում»,- հակադարձեց Նազարյանը: