Երեւանի Սարալանջի պողոտայի՝ Անտառային փողոցի մոտակայքում մարտի 16-ի գիշերը բետոնե հենապատի փլուզման պատճառը, ըստ ամենայնի, թերի կառուցապատումն է: 

NEWS.am-ի հետ զրույցում փլուզման վայրին հարակից կիսակառույց շենքի շինարարներից մեկը, վստահեցրեց, որ հենապատը կառուցվել է առանց համապատասխան երկաթե ամրակցման:

«Արմատուրա չկար մեջը, էդ պատը պիտի վերեւից ներքեւ երկաթներով ամրացվեր, իսկ մեջը մատիս հաստության երկաթներ են, սկի ցանկապատը տենց չեն կառուցում»,-ասաց շինարարը` չցանկանալով հրապարակել իր անունը:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հանձնարարական է տրվել արխիվից  հանել հենապատի կառուցման փաստաթղթերը:

«Առավոտից աշխատում ենք այդ ուղղությամբ: Նախ պետք է պարզել, թե որ թվականին է կառուցվել հենապատը, ով է կառուցապատողը, եւ ըստ այդմ, հաջորդական քայլերի դիմել»,-ասաց Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ այս պահին հենապատի փլուզված մասը հեռացվում է: Երթեւեկությունը այդ հատվածում շարունակում է կաթվածահար մնալ, իսկ մոտակայքում խցանումներ են առաջացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետեւանքով երթեւեկությունը խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է¸ որ Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ եւ 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է եւ թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթեւեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5մ երկարությամբ եւ մոտ 0¸7 սմ լայնությամբ ճաքեր¸ փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը: