ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարավազի գործարանն իրո՞ք շաքարավազ արտադրող հզորություն է, թե բուտաֆորիա՝ պատրաստի շաքարավազը մի դռնով որպես հումք մտցնելու, մյուս դռնով որպես պատրաստի արտադրանք հանելու եւ այսպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, գործարանը կառուցվել է 2010 թվականին, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Փաշինյանը 2015-ին հարցում է ուղարկել գյուղնախարարություն, որպեսզի իմանա, թե 2010-2015 թվականներին Հայաստանում քանի տոննա շաքարի ճակնդեղ է աճեցվել եւ քանի տոննա է մթերվել: «Պատասխան նամակում գյուղատնտեսության նախարարը սենսացիոն թվեր է ներկայացրել: Ըստ այդմ, 2009-2014 թվականներին Հայաստանում ոչ մի կիլոգրամ շաքարի ճակնդեղ չի մթերվել: Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո այդ գործարանը ոչ մի կիլոգրամ ճակնդեղ չի մթերել: Բա սա ինչ է, եթե ոչ բուտաֆորիա եւ փուչիկ:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հարցումներ է ուղարկել պարզելու համար, թե քանի աշխատող ունի այդ գործարանը եւ որքան հարկ է վճարել այդ տարիներին: «2015-ի ապրիլին Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանից պատասխան եմ ստացել, որ հնարավոր չէ պարզել, թե շաքարավազի Ախուրյանի գործարանում քանի աշխատող կա, նման իրավաբանական անձ գոյություն չունի; Կա «Ալեք Գրիգ» ընկերություն, որն ունի 3 հազար աշխատող եւ հնարավոր չէ տարբերակել, թե նրանցից քանիսն են Ախուրյանի գործարանում աշխատում: Հնարավոր չէ պարզել, նաեւ թե որքան հարկ է վճարել այդ գործարանը, քանի որ նա հարկատու չէ: Իսկական աջաբսանդալ են սարքել, որ նույնիսկ միկրոսկոպով չկարողանաս տարբերել՝ լոբին որտեղ է, բադրջանը՝ որտեղ»,-նշել է Փաշինյանը:
Ավելի ուշ Ալավերդյանը պատասխանում է, որ Սամվել Ալեքսանյանի գործարանը շաքարի հումք է ներկրում, որից տեղում պատրաստում է շաքարավազ:
Ըստ նրա՝ այս պատմության տխուր մասն այն է, որ ճակնդեղագործության հայեցակարգը որեւէ արդյունք չի տվել մինչ օրս. «Սակայն պետք չէ հուսահատվել, քանի դեռ ՀՀ-ում կան ճակնդեղագործության այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն են: Ժամանակն է մտածել, պարոնայք Սերժ Սարգսյանին եւ Սամվել Ալեքսանյանին պատվավոր ճակնդեղագործի կոչում շնորհելու մասին»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոռեկտության եւ սարկազմի դաշտ չմտնելու կոչ արել:











