Քաղաքացին կեղծ անձնագրով վարորդական իրավունքի վկայական  է ստացել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Ըստ ոստիկանության՝ մարտի 14-ին վարորդական իրավունք ստանալու համար ոստիկանության Երեւանի Հաշվառման քննական բաժին դիմած քաղաքացին հաջողությամբ հանձնել է որակավորման  քննությունները, նրան հանձնվել է վարորդական իրավունքի վկայական:

Պարզվել է, որ քաղաքացու ներկայացրած Աշոտ Համբարձումյանի անվամբ անձնագրի նկարը փոխված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ փաստաթուղթ կեղծելու եւ օգտագործելու հատկանիշներով:

Քննությամբ ձեռք է բերվել որպես Աշոտ Համբարձումյան ներկայացած անձի լուսանկարը: Լուսանկարում պատկերված տղամարդուն ճանաչողները կարող են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: