ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեմ է Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ Ազգային ժողովում «Պետական պարգեւների եւ կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման շրջանակում Վաստակավոր շինարարի կոչում տալու մասին առաջարկին:

«Պետությունը չէ, որ պետք է գնահատի ստեղծագործողի վաստակը, բերեք ազատվենք այդ կաշկանդող համակարգից: Սա ոչ մի բանի չի բերում, անիմաստ է, մի՛ արեք, մենք դեմ ենք: Էս օրենքի ժամանա՞կն էր հիմա, հազար պրոբլեմ կա: Շինարարներ, մեզ ներող եղեք, որ դեմ ենք խոսում, սա շինարարների դեմ չէ, այլ այս համակարգի: Բերեք մի հատ էլ պրոֆեսիոնալ քանդելու մրցանակ տանք, նույն շինարարն էլ քանդողն է, չէ՞, վաստակավոր քանդիչի կոչում տանք, մարդիկ շատ որակով քանդում են»,- այսօր՝ մարտի 17-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը ելույթը սկսեց Նարեկ Սարգսյանի հասցեին մեղադրանքներով:

«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ արդեն մի երկու հոդվածով գնդակահարելու հիմք կա, մեկը Հյուսիսային պողոտան է, մեկը՝ անշարժ հուշարձանների ավերումը, որ ամեն օր տեղի է ունենում: Եկեք էս մի հոդվածն էլ վերցրեք, գոնե էս մեկը դրական կգնա, հիմա երկու հոդվածով, թե երեք հոդվածով կարեւոր չի»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կատակեց. «Եկեք էս հարցը քվեարկենք արագ, էլի», ինչին ի պատասխան՝ Արամ Մանուկյանը ավելացրեց. «Չէ, տեսնենք ինքն ընդունո՞ւմ է առաջարկը, նոր միայն քվեարկենք»: