Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող Կարինե Ղումաշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին, պնդում է, որ ինքն է բացահայտել Թուրքիայում գործող արեւմտահայ լրտեսին, որի ծուղակն է ընկել։

«Այս մեղադրական եզրակացությունը, որը կազմվել է Ազգային անվտանգության ծառայության քննիչ Թեւանյանի կողմից, շարադրված է սխալներով եւ բազմաթիվ բացթողումներով։ ԱԱԾ, որ պաշտպանում եք երկրի անվտանգությունը, որտե՞ղ եւ ե՞րբ պատժեցիք այդ լրտես կոչեցյալին, չպատժեցիք եւ ոչ էլ կպատժեք, այդ իմ համառության եւ համբերատարության շնորհիվ բացահայտվեց այս ամենը»,- Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 18-ին, հարցաքննվելուց առաջ ասաց մեղադրյալ Ղումաշյանը։   

Իր ցուցմունքում մեղադրյալը պատմեց, որ 2014թ. մեկնել է Թուրքիա՝ աշխատելու: Բնակարանում, որտեղ պետք է վարձակալությամբ բնակվեր միջնեկ որդու հետ, հանդիպել է համաքաղաքացի Ռաֆիկ Պապոյանին, որը եւս գործով մեղադրյալ է։ Զրուցել են, պարզել, որ նույն դպրոցում են սովորել, խոսել են ֆինանսական խնդիրներից, եւ Ռաֆիկ Պապոյանն իրեն պատմել է մի «բարեգործ մարդու» մասին, ասել, որ բոլոր հայերին օգնում է։

«Որոշ ժամանակ անցավ, ես, Ռաֆիկը եւ տղաս գնացինք այդ բարեգործ մարդուն հանդիպելու։ Տեսա՝ զարմացա: Մտածում էի տարեց մեկն է, բայց իմ տարիքին էր։ Ծանոթացանք, ներկայացավ որպես Արման, արեւմտահայերեն էր խոսում։ Ասեց՝ շատ ուրախ եմ, որ տղադ բանակում է ծառայում, ես էլ զարմացա, հարցրի՝ որտեղի՞ց գիտի, ասեց՝ իմացել եմ։ Առաջին հայացքից սրտացավ մարդ երեւաց, հավանեցի»,- ասաց մեղադրյալը։

Կարինե Ղումաշյանը նշեց, որ մշտապես արեւային ակնոցով եւ կեպիով Արմանի հետ մի քանի անգամ հանդիպելուց հետո սկսել է համակրել նրան, իսկ որոշ ժամանակ անց տղամարդն իրեն ամուսնության առաջարկ է արել։

«Ասեց՝ ես ամուսնացած չեմ, դու էլ ամուսնալուծվում ես, արի ամուսնանաք։ Ասեցի, որ պիտի գնամ Հայաստան, ամուսնալուծության հարցը լուծեմ, եւ կրտսեր որդուս ամուսնուցս վերցնեմ։ Արմանն ասեց՝ դու փողի հետ կապված խնդիր չես ունենա, գնա»,- պատմեց կինը։

Կարինե Ղումաշյանի խոսքով՝ Արմանն իրենից իր չորս երեխաների անձնական տվյալներն է ուզել, որպեսզի նրանց ծննդյան օրերին «սըրփրայզ» անի, Կարինեն էլ, ոչինչ չկասկածելով, տվել է։ Ավելի ուշ, երբ Կարինեն Հայաստան վերադառնալիս է եղել, Արմանը նրա եւ Թուրքիայում ապրող որդու՝ Դավիթի անձնագրերն է խնդրել, որպեսզի պատճենի։

«Հարցրի՝ ինչի՞դ ա պետք, ասեց՝ անվտանգության համար, կյանք, ես գիտեմ՝ ինչ եմ անում, տուր, որ ես էլ հանգիստ լինեմ»,- մանրամասնեց Կարինեն։

Արմանը Կարինեին 1200 դոլար է տալիս՝ ճանապարհածախսը հոգալու համար, եւ հրաժեշտին կնոջը խնդրում է համոզել Զինված ուժերում որպես սպա ծառայող ավագ որդուն՝ Տիգրանին, «սայթով» կապվել իր հետ, քանի որ շատ է ցանկանում նրան հետ շփվել։ Եվ խնդրում է Հայաստանից իրեն չզանգահարել։

Կարինեին վերջին խնդրանքը տարօրինակ է թվում, իսկ կասկածներն ավելի են սրվում, երբ Հայաստանում գտնվելու ժամանակ Թուրքիայում բնակվող որդու խնդրանքով զանգահարում է՝ Արմանից գումար խնդրելու։

 «Ինձ վերջին բառերն ասեց, ասեց՝ ասել էի, չէ՞, չզանգես ինձ Հայաստանից, պետք չի, որ հեռախոսումս հայկական համարներ տպվի, ես էլ վրդովված անջատեցի, ու մտքիս դրեցի պարզել, թե իրականում ով է Արմանը»,- պատմեց մեղադրյալը։

Կարինեն վստահեցնում է. Արմանի իրական դեմքը բացահայտելու նպատակով է միայն որդու անունով հաշիվ բացել «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում, եւ շփվել, իր ենթադրություններով, «լրտեսի» հետ։

«Գրեցի՝ բարեւ ախպերս, մամաս պատմել ա, որ բարեգործ մարդ եք։ Հարցրեց՝ ձեր զորամասը տանկայի՞ն ա, թե՞ ուչեբկա, հասկացա, որ լավ տեղեկացված է մեր բանակից, ասեցի՝ Խոջալուում ա, համարը հարցրեց, չգիտեի։ Արժանահավատ թվալու համար որդուցս հարցրի, ասեցի, որ ընկերուհուս տղան էլ ա իրենց մոտ ծառայում, հարցնում էր, ասեց՝ ես էլ գրեցի, ու էլի, որ հավատ ներշնչեմ, հետեւից գրեցի, որ մեզ մոտ 1 զոհ, 7 վիավոր կա»,- պատմեց կինը։

Կարինե Ղումաշյանի խոսքով, ավելի ուշ համոզվել է, որ Արմանը լրտես է, սպա որդուն տեսակցելու է գնացել Արցախ եւ հայտնել, որ նրա անունից շփվել է ոմն «բարեգործի» հետ։

«Տղես ասեց՝ էլ էս մարդու հետ չշփվես, կարող ա, շպիոն ա, հետո՞ ինչ, որ հայերեն ա խոսում, իրենք գիտեն հայերեն։ Բայց ես իմ որդուն չլսեցի, ու շարունակեցի նրա անունից խոսել Արմանի հետ։ Նրա նկատմամբ համակրանք ունեի, ամեն ինչ խառնվել էր գլխումս։ Հետն էլ ուզում էի պարզել՝ ով է, ինչ նպատակներ է հետապնդում հայրենիքիս նկատմամբ»,- ասաց ամբաստանյալը։

Կարինեն հավելեց, որ երբ պարզել է Արմանի իրական դեմքը, դադարեցրել է նրա հետ շփումը եւ երկու ամիս անց ձերբակալվել։

Դատավորի հարցին, ինչո՞ւ է Արմանին դիմել «ասքյար ջան», Կարինեն պատասխանեց, որ չի իմացել, որ «ասքյարը» թուրքերենից թարգմանաբար զինվոր է նշանակում։

«Գիտեի՝ թուրք ա նշանակում, ես էլ արդեն վրդովված էի, դրա համար գրել եմ»,-ասաց Կարինեն, «ջան»-ի համար հիմնավորում, սակայն, չգտավ։

Գործով մյուս ամբաստանյալները կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 8-ին։

Նշենք, որ Կարինե Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով Թուրքիայում, հայտնվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն ընդհանուր մոտ 1500 դոլարի չափով, ստացել է առաջադրանք, կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել: Նույն գործով մեղադրվում են եւս երեք հոգի`Ռազմիկ եւ Սերգեյ Պապոյանները, եւ Կարինե Ղումաշյանի ազգական Դիանա Գորոյանը: