Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի եկեղեցում այսօր` մարտի 18-ին, տեղի ունեցավ ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Հովհաննեսի ծառայակից ընկերեները:
NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննեսի հարազատներից տիկին Անահիտը նշեց, որ նա մինչեւ բանակ զորակոչվելը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում եւ լավ է տիրապետել զենքի օգտագործման կանոններին, այդ պատճառով էլ նրա ընտանիքը չի հավատում, որ Հովհաննեսը զենքի օգտագործման կանոնների խախտման ադյունքում է ստացել մահացու վիրավորումը: «Բոլորն էլ ասում են, որ Հովհաննեսը չէր կարող զենքով պատահաբար իրեն վնասել, ինքը զենքին շատ լավ էր տիրապետում, ուրիշ բան ա եղել»:
Մահացած զինծառայողը ուներ երկու քույր եւ մեկ եղբայր, ընտանիքի երրորդ երեխան էր: Հովհաննեսը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, նրանք բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ եւ ապրում անասնագոմին կից փոքր տարածքում:
Նշենք, որ Հովհաննեսը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:
Զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:












