Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի ընտանիքի անդամները չեն հավատում նրա մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա ինքնասպան է եղել:

«Իմ բալեն չէր կարող ինքնասպան լինել: Ինքը իմ հետ խոսեց մարտի 8-ին: Շատ լավ էր իմ բալեն, ասեց՝ մամ ջան, շնորհավորում եմ: Ասեցի՝ զգույշ եղիր, մամայի տղա, հիշիր, որ քեզ տանը սպասում ենք: Ասեց՝ մամա, ես գիտեմ, իմացի, քանի քո որդին պոստի վրա ա, դու հանգիստ քնի»,- որդու հետ վերջին զրույցը հիշում է զոհվածի մայր Լալա Ղազարյանը:

Կամոն ամենից հաճախ իր նպատակների մասին էր խոսում՝ հիշում են հարազատները: Նրա ամենամեծ մտահոգությունը հայրն ու մայրն են եղել, որոնք առողջական խնդիրներ ունեն:

«Ինձ ասում էր՝ նենց արա, պապան հանկարծ իրան վատ չզգա, որ  առողջանա, մինչեւ ես գամ, իրար հետ ոտքի կանգնեցնենք պապային: Ինքը էդքան բանը ասելով  հանդերձ ինքը իր գործը կիսատ կթողե՞ր»,- NEWS.am-ին ասաց նրա ավագ եղբայր Հայկը:

Հայկի խոսքով՝ եղբայրը խնդիրներ չի ունեցել ծառայակիցների հետ, իր տեսակով այնպիսին է եղել, որ հարմարվել է ամեն ինչի հետ, միայն վերջին շրջանում ասել է, ասել, որ ուզում է փոխել գումարտակը:

«Ծառայության ընթացքում ո՞վ չի դժվարանում»,- ասում է ավագ եղբայրը:  

Հարազատների խոսքով Կամոն քաղաքացիական կյանքում էլ շատ բարեսիրտ մարդ է եղել, կռվարար չի եղել, երբեք չի խուսափել դիմացինից ներողություն խնդրելուց, ուստի չեն պատկերացնում, որ բանակում էլ լուրջ խնդիրներ ունեցած լինի որեւէ մեկի հետ: Ավելին՝ կարգապահ եւ օրինակելի զինծառայող լինելու համար Կամոն պատվոգրեր եւ շնորհակալագրեր է ստացել:

Հարազատները նշեցին, որ Կամոյի աչքը կապտած է եղել, ինչն ավելի է մեծացրել նրանց կասկածները: Նրանք պահանջում են, որ մեղավորները բացահայտվեն ու պատժվեն:

«Իմ սրտում անկյուն կա, որ դատարկ ա, էդ իմ ախպոր անկյունն ա: Ու որպեսզի էդ դատարկությունը թեկուզ մի փոքր լցվի, մեղավորն օրենքի ու կյանքի ամբողջ խստությամբ պիտի պատժվի: Ես արդարություն եմ ուզում»,- ասում է Կամոյի կրտսեր եղբայր Լեռնիկը:

Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Նա մահացել է  մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: