Երեւանի Մաշտոցի պուրակում այսօր՝ մարտի 19-ին, «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային նվիրված միջոցառում տեղի ունեցավ: Ժամը 20.30-ին անջատվեց այգու լուսավորությունը եւ շուրջ 200 հեծանվորդներ պուրակից շարժվեցին դեպի Երեւանի կենտրոնական փողոցներ՝ քաղաքացիներին կոչ անելով օգտագործել այլընտրանքային տրանսպորտի միջոցներ:
NEWS.am-ի հետ զրույցում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը նշեց, որ Հայաստանն արդեն 8-րդ տարին է՝ միանում «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային:
«Ակցիայի հիմնական նպատակը մարդկանց իրազեկման բարձրացումն է, որպեսզի պահպանեն բնությունը եւ խնայողաբար օգտագործեն բնական ռեսուրսները: Այս ակցիայից նկարահանումներ են կատարվում, որոնք կուղարկվեն «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի գլոբալ թիմին եւ նրանք տեսնումե ն, թե ինչ է կատարվում այստեղ եւ կիսումե ն այս կադրերն ամբողջ աշխարհի հետ »,-ասաց նա:
Այս տարի «Մոլորակի ժամ» ակցիային միացել են նաեւ Աբովյան, Արարատ, Արմավիր, Արտաշատ, Դիլիջան, Էջմիածին, Գավառ, Գորիս,Գյումրի, Հրազդան եւ Վանաձոր քաղաքները:
Նշենք, որ «Մոլորակի ժամ»-ն առաջիան անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել է լույսը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում:





















