ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն մարտի 22-ին Հավանայում հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Հանդիպումը դրական է անցել, սակայն ավարտվել է անհարմար իրավիճակով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC News-ը:

Ձեռքսեղմումից հետո Օբաման փորձել է խփել Կաստրոյի ուսին, սակայն վերջինը թույլ չի տվել դա անել: Կաստրոն արագորեն բռնել է Օբամայի ձեռքը, ուժեղ սեղմել եւ օդ բարձրացնելով՝ թափահարել:

Ըստ «Ռոսբալտ»-ի, բանակցությունների ընթացքում կողմերը տարաձայնություն են ունեցել Կուբայում մարդու իրավունքների եւ քաղբանտարկյալների խնդիրների շուրջ:

Կաստրոն հայտարարել է, որ Կուբայում քաղբանտարկյալներ չկան: Նրա խոսքով, եթե այդպիսի բանտարկյալներ կան եւ եթե իրեն ցուցակ ներկայացնեն, բոլորը «մինչեւ կեսգիշեր» ազատ կարձակվեն:

Հավելենք, որ Օբաման ամերիկյան առաջին նախագահն է, որը շուրջ 90 տարվա ընթացքում առաջին անգամ Կուբա է այցելել: