Երեւանի տարբեր վաճառակետերում այս օրերին կարելի է տեսնել Զատկի պարագաներ, որոնք վաճառվում են 20-13.000 դրամով:
Վաճառողները նշում են` նախորդ տարի նույն ժամանակահատվածում Զատկի պարագաները բավականին լավ էին վաճառում, այս տարի, սակայն, դրանց առեւտուրը կտրուկ նվազել է:
«20 դրամով ձվեր ենք վաճառում, 100 դրամով` արհեստական ճուտիկներ, մարդիկ, միեւնույնն է, չեն գնում: Այս տարի դեռ նոր պարագաներ չենք էլ բերել, նախորդ տարվանն ենք ինքարժեքով դրել, որ գոնե վաճառվեն, մաքրվենք»,- NEWS.am-ի թղթակցին ասաց վաճառողներից մեկը:
Առեւտրականների կարծիքով՝ վաճառքի անկման պատճառը քաղաքացիների սոցիալական պայմանների վատթարացումն է, նաեւ արտագաղթը:
«Մարդիկ միայն հաց են գնում, ճուտիկ առնեն, ի՞նչ անեն, ժողովրդի ձեռքին գումար չկա, դատարկ գրպաններով մարդն ի՞նչ պետք է առնի` հա´ց»,- ասաց նրանցից մեկը:
Վաճառողները հույս ունեն, որ գոնե Զատկին նախորդող երկու օրերին առեւտուրը կակտիվանա:


















