«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության ակցիան այսօր` մարտի 23-ին, միջադեպերով է ուղեկցվել. ոստիկանները փորձել են խոչընդոտել նրանց: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց նախաձեռնության անդամներից Սյուզան Սիմոնյանը:

«Նախ` մեզ թույլ չէին տալիս փողոցն անցնել եւ մեր ակցիան Կառավարության շենքի մոտ իրականացնել: Միայն մեզ հետ բախումներից հետո նրանք զանգեցին, վերեւից թույլտվություն ստացան, որ մեզ թողնեն անցնենք փողոցը: Բայց պահանջեցին Կառավարության շենքի պատերին չմոտենալ»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել Ամիրյան փողոցի սկզբնամասում, երբ ոստիկաններից մեկն այնքան է մոտեցել ակցիայի մասնակից Անահիտ Խաչատրյանին, որ վերջինը պահանջել է. «Պատշաճ հեռավորությո´ւն պահպանեք, հեռո´ւ մնացեք ձեր ժուչոկներով հանդերձ»:

Սյուզան Սիմոնյանի խոսքով` «Հայ կանանց ճակատի» անդամներն  անցել են ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, Կառավարության շենքի մոտով` պահանջելով ազատ արձակել «սուտ մատնությամբ ձերբակալված» Գեւորգ Սաֆարյանին:

«Այսօր սուտ մատնության օրն է. մեր ակցիան այս օրն ենք անցկացրել, որովհետեւ մեր ոստիկանությունը սուտ մատնությունները հաշվի առնելով ձերբակալել եւ անազատության մեջ է պահում Գեւորգ Սաֆարյանին եւ մյուս քաղբանտարկյալներին»,- նշեցին ակցիայի մասնակիցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներն այսօր՝ մարտի 23-ին, Երեւանում «Ոչ բռնապետությանը» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսոներով բողոքի ակցիա անցկացրին: Նախաձեռնության 13 կանայք շղթաներով եւ բանտարկյալի հագուստով ոստիկանության քաղաքային վարչության շենքի մոտից Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպքի Կառավարության շենք: