Երեւանի «Վերնիսաժ» շուկայում Նովրուզի օրերին Հայաստան եկած իրանցի զբոսաշրջիկների շնորհիվ առեւտուրն ակտիվացել է: Երեւանում իրենց Ամանորը` Նովրուզը տոնող իրանցիները  «Վերնիսաժից» այս օրերին հիմնականում  կենցաղային իրեր, զարդեր եւ հուշանվերներ են գնում:

«Մարտի 21-ից շատ-շատ են գալիս մեզ մոտ, իրանցիները հիմնականում կենցաղային իրեր են գնում` հայկական սինիներ,  ափսեներ,  տարազներ, մայկաներ, մագնիսներ, թզբեհներ, կտորից պատրաստված ազգային հացամաններ: Գունավոր ապրանքներ շատ են սիրում, ինչ գունավոր բան կա առնում են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերնիսաժի» առեւտրականներից տիկին Ռիտան:

Առեւտրականների խոսքով, իրանցի զբոսաշրջիկներն անգամ ամենաէժան ապրանքը գնելիս` փորձում են  էժանացնել, առեւտրականներն էլ ստիպված ընդառաջում են նրանց` ապրանքը վաճառելու համար:

«Իրենք ինչ ապրանք էլ գնեն` աշխատում են գինը գցել: Մենք էլ ընդառաջում ենք, հարմարվում: Մեր հյուրերն են, թող գոհ մնան, էժանացրած տալիս ենք: Իրենց գալուց առաջ դրանք չէինք էլ կարողանում վաճառել, տենց մնում էին` հիմա գոնե վաճառում ենք »,-ասում է առեւտրականներից տիկին Գոհարը:

Հակառակ «Վերնիսաժի» առեւտրականների պնդումների,  թե իրենք ապրանքի գինն իջեցնում են  վաճառելիս`  իրանցի զբոսաշրջիկները դժգոհ են: Ալին, որն արդեն մեկ  շաբաթ է Երեւանում է, նշում է, որ  ամենաթանկ ապրանքը վաճառվում է «Վերնիսաժում», նրա խոսքով` Երեւանի այլ շուկաներում եւ առեւտրի կենտրոններում կարելի է նույն ապրանքը գտնել ավելի էժան:

«Այլ տեղեր ավելի լավ բաներ եմ տեսել` ավելի էժան տարբերակով, այստեղ շատ թանկ է, չեն էլ էժանացնում:  Բայց մի քանի բան գնել եմ որպես հուշանվեր` ընկերներիս տալու համար»,-ասաց նա:

Ալին «Վերնիսաժի» մասին լսել է նախորդ տարի Երեւան ժամանած իր ընկերներից եւ նրանց խորհրդով է եկել այդտեղից առեւտուր անելու. «Ընկերներս ինձ ասել են, որ այստեղ կարող եմ շատ հետաքրքիր բաներ գտնել, բայց հիմնականում ոչինչ չեմ գտել, զարդերն են շատ գեղեցիկ, բայց դրանք շատ թանկ են»:

Նշենք, որ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունից իրանցի զբոսաշրջիկները այս օրերին Հայաստան են եկել իրենց Ամանորը` Նովրուզը տոնելու: