Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր` մարտի 25-ին, կայանալիք Հայաստանի եւ Բելառուսի ֆուտբոլի հավաքականների ընկերական  հանդիպումից գեղեցիկ խաղի ակնկալիք ունի: Այս մասին Ռուբեն Հայրապետյանն ասել է NEWS.am-ի եւ Armtimes.com-ի հետ զրույցում:

Դիտարկմանը, որ վերջին հարցազրույցից հետո իրեն շատերը քննադատեցին, որ առանցքային ֆուտբոլիստներին արգելել է հանդես գալ հավաքականում՝ նշելով, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի խառնվելու գլխավոր մարզչի պարտականություններին, Ռուբեն Հայրապետյանը հակադարձեց. «Իսկ մի գուցե դո՞ւք իրավունք ունեք խառնվելու, հա՞»: Բացասական պատասխան ստանալով՝ Ռուբեն Հայրապետյանը շարունակեց. «Դուք գիտե՞ք ինչ ասեցիք նոր: Միգուցե երկրպագունե՞րն իրավունք ունեն: Եթե ֆեդերացիայի նախագահն իրավունք չունի, համար մեկ պատասխանատուն, ապա ո՞վ ունի՝ երկրպագո՞ւն, լրագրողը՞, իհարկե՝ ոչ»:

Հիշեցնենք, որ օրերս Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ երեք ֆուտբոլիստներ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը, պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու դարպասապահ Գեւորգ Կասպարովը այլեւս չեն խաղալու հավաքականում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, նշել էր, որ մարզչական խորհուրդն է որոշում, թե ով պետք է խաղա Հայաստանի հավաքականում, ով ոչ: