Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 25-ին, իր նիստում մերժեց քաղաքացիական ակտիվիստ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի պաշտպանների միջնորդությունը` կասեցնել սույն գործով քննությունը եւ  դիմել ՍԴ` կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցի պարզման նպատակով: Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց, որ դատարանի սույն որոշումը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան:

Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը  միջնորդությամբ հանդես եկավ հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք տասնօրյա ժամկետում բողոքարկեն դատարանի կողմից իրենց միջնորդությունը մերժելու մասին որոշումը, որը դատարանի կողմից նույնպես մերժվեց:

Եգորյանը նշեց, որ իրենց ընդամենը մեկ օր ժամանակ է տրամադրվել եւ չեն հասցրել պաշտպանական ճառին պատրաստվել: «Այդ սեղմ ժամկետում չենք հասցրել լիարժեք պատրաստվել մեր վստահորդի շահերի պաշտպանության համար եւ միջնորդում ենք հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանանք լիարժեք պատրաստվել պաշտպանական ճառին»,-նշեց պաշտպանը, որը դատարանի կողմից կրկին մերժվեց:

Տիգրան Եգորյանը ստիպված եղավ հանդես գալ պաշտպանական ճառով, որը, սակայն, դատարանի կողմից ընդհատվեց: Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց, որ  փաստաբանն իր պաշտպանական ճառում օգտագործում է «անհեթեթ» մտքեր եւ գործին առնչվող հանգամանքներ չի ասում, նա որոշում կայացրեց թույլ չտալ պաշտպանին շարունակել պաշտպանական ճառը:

«Դուք շարունակում եք անհեթեթ մտքեր արձանագրել, փորձում եք բարձրացնել Ձեր վարկանիշը, ես չեմ ցանկանում Ձեզ հետ երկխոսության մեջ մտնել, դատարանը արձանագրում է , որ դուք հրաժարվում եք ճառով հանդես գալու իրավունքից:  Դուք չպետք է որոշեք դատական նիստի բնականոն ընթացքը, այն բացառապես դատարանն է որոշում»,-ասաց դատավորը, որին ի պատասխան պաշտպան Եգորյանը հայտարարեց. «Անհեթհեթ մտքերի չգերազանցված հեղինակը միայն հարգելի դատարանն է»:

Դատարանը Գասպարիի մյուս պաշտպաններին հարցրեց` արդյոք նրանք ցանկանո՞ւմ են պաշտպանական ճառով հանդես գալ եւ ընդամենը մեկ րոպե պատասխան չստանալով` արձանագրեց, որ Վարդգես Գասպարիի պաշտպաններն հրաժարվում են պաշտպանական ճառից: Որից հետո` դիմեց  ամբաստանյալ Վարդգես Գասպարիին, որպեսզի, նա հանդես գա վերջին խոսքով: Սակայն, մի քանի րոպե Գասպարիի խոսքին սպասելով, դատավորն արձանագրեց, որ ամբաստանյալը նույնպես հրաժարվում է վերջին խոսքից: Դատարանը դատավարության վիճաբանությունների փուլը համարեց ավարտված:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: