Գյումրիում այսօր՝ մարտի 25-ին, արտառոց դեպք է գրանցվել: Գարեգին Նժդեհ փողոցի բնակելի շենքերից մեկի դիմաց երիտասարդները կտրել են հաստաբուն ծառի ծյուղերը, որոնք խանգարում էին շենքի երկրորդ հարկի բնակչի պատշգամբին եւ հոսանքի լարերին, երբ կտրված ճյուղերից մեկն ընկել է նույն շենքի բնակչուհի Լյուդմիլա Բիլբիլիդիի վրա ու կոտրել ոտքը: Նրան դեպքի վայրից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է ձախ ոտքի կոտրվածք:
Տիկին Լյուդմիլան NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է դեպքը պատահել:
«Առավոտ արթնացա, տեսա՝ տղաները ծառի ճյուղերն են կտրում: Ասի՝ կանգնեմ ծառի տակ, ժողովրդին ասեմ՝ չանցնեն տակից, որ վրեքը չընկնի, բայց իմ վրա ընկավ: Տղաները մեղավոր չէին, իրանք ինձ ասացին, որ տակից հեռու կանգնեմ, բայց չհասցրի հեռու երթայի»,- ասաց տուժած Լյուդմիլա Բիլբիլիդին:
Ծառի ճյուղերը կտրող երկու երիտասարդները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց շենքում միայնակ բնակվող տատիկի խնդրանքով են ճյուղերը կտրել:
«Մեզ տատիկն ասաց, որ ինքը դիմել է քաղաքապետարան՝ էդ ճյուղերը կտրելու համար, իրան պատասխանել են, որ էդ պահին չեն կարող գան կտրեն, ինքն էլ մեզ էր դիմել, -յուղերը համ հոսանքի լարերին էին խանգարում, համ էլ տատիկի տան լույսն էին փակում»,- պատմեց երիտասարդներից մեկը:












