Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի տարածքում գտնվող ավազի հանքում մարտի 25-ին  տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով մահացած  23-ամյա Տարոն Ավետիսյանը տան միակ զավակն էր:

Նա այդ հանքում հոր հետ արդեն երեք տարի աշխատում էր որպես էքսկավատորի վարորդ, վերջերս էր ամուսնացել, երեք ամսական փոքրիկ ուներ:

NEWS.am-ի հետ զրույցում Տարոնի գործընկերները պատմեցին, որ  դեպքը տեղի է ունեցել հանքի տեխնիկայի վերանորոգման ժամանակ:

«Աշխատանքի պահին ավազահան մեքենաներից մեկի շարժիչը չի աշխատել, եւ այն գործի գցելու համար աշխատակիցները ձգապարանով կապել են տրակտորին ու փորձել տեղից պոկել մեքենան, ինչից հետո մեքենան սկսել է աշխատել: Այդ պահին Տարոնը մոտեցել է ձգապարանը քանդելու, իսկ ավազահան մեքենայի վարորդը չի հասցրել արգելակել եւ երիտասարդը մնացել է տրակտորի եւ ավազահան մեքենայի արանքում»,- ասաց նրա գործընկերներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Հանքն այժմ չի աշխատում, դեպքից հետո աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, մինչ քննություն է ընթանում: Հանքը պատկանում է նույն գյուղի բնակիչ Արմեն Տոնոյանին, գործում է արդեն 8 տարի, Ախուրյան գետից ավազ են հանում եւ վաճառում: